«Հրապարակ». Արգամ Աբրահամյանը չի հեռացել Արտաշատից

«Հրապարակ». Արգամ Աբրահամյանը չի հեռացել Արտաշատից

«Հրապարակ»-ը գրում է. «Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, վայր դնելով քաղաքապետի լիազորությունները, սիրտը քաղաքից չէր կտրում, տևական ժամանակ քաղաքում սեփական միջոցներով բարեկարգման աշխատանքներ էր իրականացնում՝ փողոցների ասֆալտապատում, բակային տարածքների նորոգում և այլն: Նա նույնիսկ այդ առթիվ գրառում էր կատարել Ֆեյսբուքում. «Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից և շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել և ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը…»:

Սակայն, ինչպես արտաշատցիներն են պնդում, Արգամը պատգամավոր դառնալուց և Արտաշատ կոչվող «բաստիոնն» ինքնակամ հանձնելուց հետո առաջվա պես քաղաք չի այցելում, իրենց հալ ու դարդին անհաղորդ է մնում: Արտաշատի նոր քաղաքապետ, Աբրահամյանի օրոք ավագանու անդամ աշխատած Կարեն Բենիամինյանին հարցրինք՝ իր նախկին պաշտոնակիցն առաջվա պես շարունակո՞ւմ է մարզկենտրոնի շենացման աշխատանքները, թե՞ միսիան ավարտված է հայտարարել: «Իրենից կարող եք ճշտում կատարել, քանի որ այս պահին որևէ բանից տեղյակ չեմ: Հետագայում չեմ կարող ասել․ ինքն ավելի ճիշտ կպատասխանի այդ հարցին,- ասաց քաղաքապետը՝ հավելելով՝ «Ինձ համար ողջունելի է, որ Արտաշատ համայնքից որևէ մի քաղաքացի կամ որևէ մի համայնքի մասին մտածող անձ ինչ-որ մի գործ կամ ներդրում կատարի համայնքում: Դա միմիայն ողջունելի է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում