«Փաստ». Ռուսական ընկերությունը «գոտկատեղից ներքև» հարված է հասցրել հայկական խոշոր արտադրողներին

«Փաստ». Ռուսական ընկերությունը «գոտկատեղից ներքև» հարված է հասցրել հայկական խոշոր արտադրողներին

«Փաստ» թերթը գրել է. «Հրուշակեղեն արտադրող ռուսական «KDV Group» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանը ողողել է իր արտադրանքով` ծանր կացության մեջ գցելով տեղական խոշոր արտադրողներին:

«Փաստ»–ի տվյալներով, «KDV Group»–ի «ԿԴՎ ԱՐՄՆ» ՍՊԸ–ն «գոտկատեղից ներքև» հարված է հասցրել բոլոր խոշոր արտադրողներին՝ «Գրանդ Քենդի», «Սովռանո», «Արմսվիթ», «Մեգաֆուդ», «Երևանի շոկոլադի գործարան», «Դարոյնք» և այլ կազմակերպություններին: Բանն այն է, որ ռուսները դիմել են կոշտ դեմփինգի (ապրանքի արտահանումը ավելի ցածր գներով, քան երկրի ներսում կամ համաշխարհային շուկայում է): Արտադրանքն այն աստիճանի են էժանացրել, որ տեղական արտադրողների համար աննպատակահարմար է դարձել հրուշակեղեն արտադրելը: Հազարավոր աշխատակիցների կրճատման վտանգ է առաջացել:

Տեսնելով, որ ռուսների «դեմ խաղ չկա», վերոնշյալ կազմակերպությունները գրավոր դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` խնդրելով ապահովել մրցակցային հավասար պայմաններ: Նրանցից միայն «Գրանդ Քենդին» բողոք չի ներկայացրել, հավանաբար զգուշանալով, քանի որ ինքը Ռուսաստան է արտահանում մեծ քանակությամբ հրուշակեղեն:

«Մեր հարցմանն ի պատասխան ՏՄՊՊՀ–ի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը պատասխանեց. ««ՏՄՊՊՀ հանձնաժողովը ստացել է դիմում բողոք ձեր նշած ընկերությունների կողմից: Նշված ընկերությունները դիմել են բողոքով, որ ընկերությունը գերիշխող դիրքի չարաշահում է թույլ տալիս, որը դրսևորվում է չհիմնավորված գնանկմամբ՝ այսինքն՝ դեմփինգով: Այս պահին հանձնաժողովը տեղեկատվություն է պահանջել տնտեսվարողներից: Այն ստանալուց և ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը որոշում կկայացնի»: Ո՞վ է թաքնված այդ ամենի հետևում: Այս հարցին կանդրադառնանք թերթի հաջորդ համարում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում