«Հրապարակ». Վարչապետը պաշտոնական կայք ունի

«Հրապարակ». Վարչապետը պաշտոնական կայք ունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մեկ օր է, ինչ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում է, կառավարության կայքն այդ ընթացքում արագ ռեստավրացիայի է ենթարկվել, Կարեն Կարապետյանը հանգրվանել է «Պատմական ակնարկ» բաժնում: Վերջին պահին նա ազատել է հայեցողական պաշտոններ զբաղեցնող խորհրդականներին, օգնականներին, խոսնակին, իսկ քաղծառայողները շարունակում են աշխատել, մինչև կձևավորվի վարչապետի աշխատակազմը:

Հավանաբար, 1 շաբաթվա ընթացքում աշխատակազմը կձևավորվի։ Սերժ Սարգսյանը, հավանաբար, կպահի նախագահականի առանցքային դեմքերին, իսկ առաջին փոխվարչապետի գրասենյակում իր մի քանի թիմակիցները պաշտոններ կստանան: Ուշագրավ է, որ վարչապետի համար անմիջապես ստեղծվել է առանձին կայք՝ www.primeminister.am հասցեով, որտեղ առանձնացվել են առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների բաժիններ, կառավարության կազմ: Նա չի բավարարվել gov.am-ով։ Նորաթուխ վարչապետի կայքը մշակման փուլում է, միայն մի քանի հաղորդագրություններ են տեղադրվել: Վարչապետ Սարգսյանի կայքը խիստ նման է նախագահ Սարգսյանի կայքին, «Հայաստան» բաժինը, օրինակ, նույն նախագահի կայքի «Գրադարան» բաժինն է, որտեղ տեղեկություններ կան ՀՀ խորհրդանիշների, կառավարման համակարգի մասին, կան օգտակար հղումներ և տեղեկություններ: Կառավարության կայքն էլ, ինչպես ասում են, «աղջիկ վախտվա» հմայքը չունի, նախարարները նշված են պաշտոնակատար, որևէ հաղորդագրություն չկա առաջին էջում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում