Անձնական նկատառումներ չկային սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս

Անձնական նկատառումներ չկային սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս

Սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս անձնական նկատառումներ չկային: Այդ մասին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյոք տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառն այն չէ, որ մարդիկ կասկածում են կամ ենթադրում են, որ սահմանադրական փոփոխություններն անցկացվել են հենց այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը շարունակի փաստացի ղեկավարել երկիրը:

«Ես բազմաթիվ անգամ բացատրել եմ, որ որևէ անձնական նկատառումներ չկային սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս: Եթե այդպիսի բան լիներ՝ միջազգային կառույցներն էլ դժգոհությամբ կվերաբերվեին այդ փոփոխություններին: Բայց դուք տեսաք, բոլորն ականատես եղան, որ Վենետիկի հանձնաժողովից սկսած Եվրոպայի խորհրդով ավարտած՝ շատ դրականորեն վերաբերվեցին այս փոփոխություններին: Իրականության մեջ այս փոփոխություններն ուղղվել են երկրի զարգացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ Ազգային ժողովում ոչ շատ հանգամանորեն, բայց բացատրել է, որ մեր պետականության կայացման սկզբնական շրջանում անհրաժեշտություն էր փոխելու նախագահական կառավարման կարգը:

«Սա գալիս էր մարդկանց հետևյալ մոտեցումներից. նրանք ավելի շատ վախենում էին քաոսից, անիշխանությունից, քան թե նախագահի լիազորությունների ծավալից: Անցավ որոշակի ժամանակահատված, Սահմանադրությունում տեղի ունեցան փոփոխություններ: Այդ փոփոխություններն ամբողջովին չբալանսավորեցին իշխանության թևերի միջև եղած հավասարակշռությունը: Իշխանության թևերի միջև պետք է լինի հավասարակշռություն: Ի վերջո, մենք այս սահմանադրական փոփոխություններով ի՞նչ ենք արել. մենք հայտարարել ենք, որ առանցքային մարմինն Ազգային ժողովն է, երկրորդ՝ ասել ենք, որ Ազգային ժողովը ծնում է կառավարություն և վերահսկում է կառավարության գործունեությունը: Ասել ենք, որ դատական իշխանությունը, դատարաններն անկախ են, հաշվետու են միայն օրենքի առջև: Եվ վերջինը՝ հանրապետության նախագահը պետության գլուխն է, իր գործունեության մեջ անաչառ է, բացառապես ղեկավարվում է համազգային, համապետական շահերով, մաս չի կազմում իմ ասած այս իշխանության երեք թևերից որևէ մեկին և հետևում է Սահմանադրության կատարմանը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ երկու կամ երեք տարի առաջ շատ դժվար էր հարյուր տոկոսով համոզված լինել, որ ընտրություններում քաղաքական ուժը պետք է ստանա քվե և այդ քաղաքական ուժն իրեն առաջարկի դառնալ հանրապետության վարչապետ:

«Բայց խնդրի մի ուրիշ կողմն էլ կա, եթե մտովի պատկերացնենք 90-ականների սկզբներից մինչև 2015 թվական, ապա գրեթե բոլոր քաղաքական ուժերն այդ էին պահանջում՝ ասում էին եկեք Հայաստանում փոխենք կառավարման կարգը, ձևը և անցնենք խորհրդարանական կառավարման համակարգի: Դա էլ ենք հաշվի առել: Վերջիվերջո գալու է մի պահ, երբ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պետք է կատարի բոլոր օրենքների պահանջները և առաջին հերթին Մայր օրենքի՝ Սահմանադրության պահանջը ու նաև ուրիշներից պահանջի այս Սահմանադրության և օրենքների կատարումը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում