Ցուցարարները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրի Սահակյանին՝ Աշտարակ-Երևան ճանապարհը բեռնատարներով փակելու պատճառով

Ցուցարարները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրի Սահակյանին՝  Աշտարակ-Երևան ճանապարհը բեռնատարներով փակելու պատճառով

Ապրիլի 22-ին Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Աշտարակի ճանապարհին տեղակայված Ճանապարհային ոստիկանության պահակետի հարակից տարածքում, ցուցարարները պատգամավորի են ծեծել:

Tert.am-ի տեղեկություններով` ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրի Սահակյանը, ով նաև Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն է, փակել է ճանապարհը և ցուցարարներին արգելել է շարժվել Երևան:

Պատգամավորը սպառնացել է ցուցարարներին, որ չշարունակեն ճանապարհը, սակայն տարբեր բնակավայրերից եկած ցուցարարներն իջել են մեքենաներից, նրանց միջև քաշքշուք է սկսվել, ինչը վերածվել է ծեծկռտուքի:

Ըստ տեղեկությունների՝ պատգամավորը վնասվածքներ է ստացել, ծեծկռտուքից տուժել են ոստիկաններ:

Ցուցարարները ծեծից հետո բացել են պատգամավորի՝ բեռնատարներով փակած ճանապարհը և միացել Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին:

 Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել ոստիկանության ծառայողների վերաբերյալ, համաձայն որի՝ ապրիլի 22-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Աշտարակ-Երևան ճանապարհի Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտից «դեմքի շրջանի սալջարդ, երկու ատամների կոտրվածք, գանգոսկրի կոտրվածք` հարցականով», «կրծքավանդակի աջ կեսի սալջարդ, որովայնի տրավմա» և «ձախ ստորին վերջույթի մկանների ձգվածություն» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել ոստիկանության 3 ծառայող:

Պարզվել է, որ ժամը 15.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի ՃՈ անշարժ պահակետում ծառայություն իրականացնելու ընթացքում «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցների կողմից նրանք ծեծի են ենթարկվել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Նույն օրը «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 20.40-ին բուժօգնության են դիմել ոստիկանության ևս 2 ծառայող` «ձախ սրունքի սալջարդ» և «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշումներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում