«Ելք»-ի պատգամավորները երաշխավորություն են ներկայացրել Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

«Ելք»-ի պատգամավորները երաշխավորություն են ներկայացրել Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Սույնով երաշխավորում ենք, որ թիվ 58212116 քրեական գործով մեղադրյալ Գարեգին Բաբկենի Չուգասզյանը գտնվելով ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց` քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:

Գարեգին Բաբկենի Չուգասզյանի նկատմամբ որպես խախտման միջոց կիրառված կալանքը սույն անձնական երաշխավորության հիմքով փոփոխելու և փոխարինելու պարագայում ստանձնում ենք դրանից բխող բոլոր պարտականությունները»,- նշված է փաստաթղթում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների փոխգործակցության և համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Աթենքի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման էր ենթարկվել Գարեգին Չուգասզյանը:

57-ամյա Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում