Տրանսպորտի նախարարը հույս ունի, որ ապօրինի ուղևորափոխադրողները ռիսկի չեն գնա

Տրանսպորտի նախարարը հույս ունի, որ ապօրինի ուղևորափոխադրողները ռիսկի չեն գնա

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիցենզավորված ուղևորափոխադրումներ կատարող կազմակերպությունների ցանկը փոխանցվում է Ռուսաստանին, որպեսզի օրինական դաշտում գործող ուղևորափոխադրողները խնդրի առջև չկանգնեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ռուս գործընկերները շտապողականություն են ցուցաբերել և հունիսի 1-ից ուժի մեջ մտնող համաձայնագրի պահանջները վաղաժամ են կիրառել: «Առավոտյան տեղեկություն ստացանք, որ մեր ուղևորատար ավտոբուսներից մեկին պահել են ռուս-վրացական սահմանին՝ Լարսի անցակետում: Խնդիրը կապված էր նրա հետ, որ անցած տարի նոյեմբերին համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի մեր ուղևորափոխադրումները կատարվեն լիցենզիա ստացած վարորդների ու կազմակերպությունների կողմից: Այդ համաձայնագիրը երկկողմ վավերացվել է մարտին, բայց ռուսական կողմը մի փոքր շտապել է, մենք չենք հասցրել փոխանակվել այն կազմակերպությունների ցանկերով, որոնք իրավունք ունեն այդ ուղևորափոխադրումները կատարելու»,-տեղեկացրեց նախարարը: Նա նշեց, որ Ռուսաստանում ֆուտբոլի առաջնության անցկացմամբ պայմանավորված բավականին խստացումներ են եղել:

Նախարարի խոսքով՝ իրենք կապ են հաստատել ՌԴ տրանսպորտի նախարարության հետ, ՊԵԿ-ի միջոցով էլ՝ մաքսային ծառայությունների հետ, որպեսզի թույլ տան փոխադրողներին շարունակել ճանապարհը: Զրույցի պահին արդեն մեքենաներին թույլատրել էին անցնել:

Ինչ վերաբերում է մինչ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կիրառվելիք կարգավորումներին, ապա նախարարն ասաց, որ գրությամբ ուղարկելու են լիցենզավորված ուղևորափոխադրողների ցանկը, որպեսզի նրանց թույլ տան հատել սահմանն առանց խոչընդոտների: «Ենթադրում եմ, որ ապօրինի տեղափոխողները, տեղյակ լինելով դրա մասին, չեն գնա ռիսկին, որ ժողովրդին տանեն ու ճանապարհին թողնեն»,-հավելեց Աշոտ Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում