Վարչապետը Դիլիջանի միջազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը

Վարչապետը Դիլիջանի միջազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի ազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ Փաշինյանը նման կարծիք հայտնեց դպրոցի սաների ավարտական միջոցառմանը:

«Ես ծնվել եմ այստեղից ոչ հեռու՝ Իջևանում: Եվ շատ բարեկամներ ունեմ այստեղ ապրող: Ուրախ եմ, որ այսպիսի դպրոց ունենք Դիլիջանում: Սա խորհրդանիշն է է ապագա Հայաստանի՝ սիրո և համերաշխության, կրթության բարձր մակարդակ ունեցող երկիր»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ Գյումրիից Երևան քայլելիս անցել է Դիլիջանով և շատ տխրել՝ տեսնելով այստեղի և այլ վայրերի տարբերությունը: Սակայն այս պահին հասկանում է, որ այս դպրոցը կարող է լինել ոգեշնչման, էնտուզիազմի լավատեսության կենտրոն Դիլիջանի բնակիների համար և բոլոր նրանց համար, ովքեր կանցնեն այստեղով:

«Սա ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում: Ես հիմա համոզված եմ, որ Դիլիջանի և այլ տեղերի մթնոլորտը նույնն է: Եվ սա մեծ ուրախություն է մեզ, Հայաստանի, երեխաների համար»,– ասաց վարչապետն ու հավելեց, որ շատ ոգևորված է դպրոցի դրական մթնոլորտով:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է: Կրթությունը շատ կարևոր է: Վարչապետը նշեց՝ թեև այս համակարգում շատ խնդիրներ կան, բայց կարելի է լուծել էնտուզիազմով և լավատեսությամբ:

Փաշինյանը շրջանավարտներին հորդորեց ապագայում ևս գալ Հայաստան՝ ընկերների, բարեկամների հետ: «Մենք հույս ունենք, որ դուք կպատմեք մեր պատմությունը ձեր երկրներում: Տեղյակ պահեք նրանց, որ մենք փոքր երկիր ենք՝ մեծ սրտով մարդկանց, հույսով, մարդու իրավունքների, ժողովրդավարության և համերշխության»,- ասաց Փաշինյանը և հույս հայտնեց նրանց նորից տեսնել Հայաստանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում