ՀՆԱ 7.5 տոկոսանոց աճը միջազգային շուկայի տեղաշարժերի, դրական սպասումների արդյունք է. բյուջեի կատարողականը ՈՒՂԻՂ

ՀՆԱ 7.5 տոկոսանոց աճը միջազգային շուկայի տեղաշարժերի, դրական սպասումների արդյունք է. բյուջեի կատարողականը ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Times.am: Նախորդ տարի Հայաստանում գրանցված տնտեսության 7.5 տոկոսանոց աճը պայմանավորվել է ինչպես միջազգային շուկայում արձանագրված տեղաշարժերով, այնպես էլ ներքին շուկայի առանձնահատկություններով: Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի բյուջեի կատարողականը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Աճը պայմանավորվել է գործընկեր երկրներում, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճի կանխատեսվածից ավելի բարձր լինելու հանգամանքով, միջազգային շուկայում մետաղների գների աճով, ՌԴ-ից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ավելացմամբ, սուբյեկտների մոտ ձևավորված դրական սպասումներով, ինչպես նաև արձանագրված վարկավորման աճով»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ տնտեսական աճին 5.1 տոկոսով նպաստել են ծառայությունների ոլորտի աճը, 1.8 տոկոսով արդյունաբերությունը, 0.2 տոկոսային կետով շինարարությունը, 0.6 տոկոսային կետով աճի վրա բացասական ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության ոլորտը:

Անդրադառնալով պլանավորված և փաստացի եկամտային, ծախսային և դեֆիցիտի ցուցանիշներին՝ նա նշեց, որ եկամուտների համար պլանավորվել է 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 320 միլիարդ, փաստացի ապահովվել է 1 տրիլիոն 237 միլիարդ դրամ: Ծախսերը պլանավորվել են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 561 միլիարդ դրամ, փաստացի այն կազմել է 1 տրիլիոն 504 միլիարդ դրամ: Դեֆիցիտը պլանավորվել է 150 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 240 միլիարդ դրամ, փաստացի դեֆիցիտը կազմել է 267 միլիարդ դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում