Ջանջուղազյանը փարատում է գալիք տարվա բյուջեն չհաստատելու մտահոգությունները

Ջանջուղազյանը փարատում է գալիք տարվա բյուջեն չհաստատելու մտահոգությունները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասում է՝ կյանքը կանգ չի առնի, եթե ինչ-որ պատճառով 2019 թվականի բյուջեն այս տարի չհաստատվի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցոմ հայտնեց նախարարը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք ինչպես կկարգավորվի խնդիրը, եթե աշնանը կայանան խորհրդարանական ընտրություններ, իսկ հաջորդ տարվա բյուջեն չհասցնեն ընդունել: «Վտանգներ կան, բայց դա օրենսդրությունը կարգավորել է: Եթե ինչ-որ պատճառով բյուջեն չընդունվի, միևնույն է կյանքը չի կանգնի, մենք մեր ստանձնած պարտավորությունները պետք է կատարենք: «Բյուջետային համակարգի մասին» օրենքը սահմանում է, որ այդ դեպքում ծրագրերն իրականացվում են այն համամասնություններով, ինչ նախորդ տարի»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը՝ հույս հայտնելով, որ, այնուամենայնիվ, դա տեղի չի ունենա և բյուջեն կհաստատվի:

Նախարարի խոսքով՝ իրենք ներդրել են բոլոր ջանքերը, որպեսզի պահանջվող փաստաթղթերը, ինչպես օրինակ, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը պատրաստեն: «Նույնիսկ այդպիսի հարց առաջացավ, որ ճիշտ է այս տարի փոխել կամ օրենքում բացառություն սահմանել միջնաժամկետ ծախսերի ծրագիր չունենալու մասին, բայց մերժվեց: Մենք գնացինք այդ փաստաթուղթն ունենալու ճանապարհով»,-ավելացրեց պաշտոնյան:

Սահմանադրությամբ սահմանված է, որ բյուջետային տարվա ավարտից 90 օր առաջ, այսինքն՝ հոկտեմբերի 2-ին, պետք է բյուջեի նախագիծը ներկայացնել Ազգային ժողով: «Կարծում եմ մինչ դա մենք կունենանք նախագիծը»,-ասաց նախարար Ջանջուղազյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում