Իսլանդացի լրագրողը Հայաստանի վերաբերյալ զավեշտալի հարց է տվել ՌԴ ԱԳՆ պաշտոնյային

Իսլանդացի լրագրողը Հայաստանի վերաբերյալ զավեշտալի հարց է տվել ՌԴ ԱԳՆ պաշտոնյային

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի նախագահի տեղակալ Արտյոմ Կոժինի ճեպազրույցի ընթացքում իսլանդացի լրագրողը Հայաստանի վերաբերյալ բացարձակ ապատեղեկատվություն պարունակող զավեշտալի հարց է հնչեցրել: Ճեպազրույցի ընթացքում լրագրողը նշել է, թե Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանի հրամանագրերից մեկը եղել է մայիսի 9-ի տոնակատարությունները չեղարկելը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կողմից նման հրամանագիր չի եղել:

Ներկայացնում ենք լրագրողի և Արտյոմ Կոժինի հարցուպատասխանը:

«Հայաստանի վարչապետ պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին հրամանագրերից մեկը եղել է մայիսի 9-ի տոնակատարության չեղարկումը: Նա «Հաղթանակի օր» անվանումը փոխել է «Հաշտեցման և համաձայնության օր» անվանմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ հայերը ևս շատ մարդ են կորցրել Հայրենական մեծ պատերազմի ընթացքում: Որևէ արձագանք կա՞ մայիսի 9-ը չեղարկելու և տոնակատարությունները մայիսի 8-ին անցկացնելու որոշմանը, ինչպես դա անում են Արևմուտքում»,- հարցրել է լրագրողը:

Արտյոմ Կոժինը պատասխանել է. «Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրը եղել և շարունակում է մնալ սուրբ տոն նախկին Խորհրդային Միության բոլոր ազգերի համար: Բոլորը հիշում են այն գինը, որը Խորհրդային Միությունը վճարել է ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի հասնելու համար: Ինչ վերաբերվում է տոների անվանմանը, ապա տարբեր պետություններում կան ոչ մեծ տարբերություններ, սակայն դա չի փոխում տոնակատարությունների էությունն ու ազգերի վերաբերմունքն այդ սուրբ ամսաթվի նկատմամբ: Հայ ազգը, որը նույնպես մեծ գին է վճարել ընդհանուր հաղթանակի հասնելու համար, ինչպես մեզ հետ միշտ նշել է այդ տոնը, այնպես էլ կշարունակի նշել»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 9-ի տոնակատարությունները չեղարկելու, Հաղթանակի օրն այլ անվամբ փոխարինելու և տոնակատարությունները մայիսի 8-ին անցկացնելու որևէ հրամանագիր չի եղել, հետևաբար իսլանդացի լրագրողի հարցը պարունակել է բացարձակ ապատեղեկատվություն Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում