Բելգիայում թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպման համար ձերբակալված հանցախմբում հայեր կան

Բելգիայում թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպման համար ձերբակալված հանցախմբում հայեր կան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Բելգիայում ձերբակալվել է 13 հոգուց բաղկացած հանցախումբ, որի անդամները կասկածվում են կաշառքի միջոցով թենիսի խաղացողների հետ պայմանավորված խաղեր կազմակերպելով:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Բելգիայի դատախազությունից հայտնել են, որ հանցախումբը, որում ներգրավված են բելգիացիներ և հայեր, 2014 թվականից ի վեր կաշառել է թենիսի պրոֆեսիոնալ խաղացողներին՝ խաղի ցանկալի արդյունք ստանալու համար, ինչը թույլ է տվել հանցագործ դեմքերին շահույթ ունենալ խաղադրույքների միջոցով:

Դատախազությունը հայտնում է, որ կաշառված խաղերը հիմնականում եղել են ոչ բարձր վարկանիշ ունեցող, հազվադեպ հեռուստատեսությամբ հեռարձակվող մրցումներ, որտեղ ավելի հեշտ է խաղացողներին կաշառելը:

Սպորտային գլխավոր կառույցներն ապրիլին հանդես էին եկել զեկույցով, որում նշվում էր, թե թենիսը լրջագույն խնդիրների է բախվում ինտերնետային խաղադրույքների կտրուկ աճով պայմանավորված: Այդուհանդերձ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խախտումներն ու կոռուպցիոն դրսևորումները գրանցվել են ցածրակարգ թենիսային մրցումներում, իսկ «Մեծ սաղավարտի» մրցումներում հնարավոր խախտումները «քիչ հավանական են»:

Ամենաբարձրակարգ խաղացողը, որը ներգրավվելու է խաղերի արդյունքների պայմանավորման գործում, իտալացի Մարկո Չեչիտանոն է, ով Ֆրանսիայի Բաց առաջնությունում հունիսի 5-ին Սերբիան ներկայացնող թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ խաղում էր քառորդ եզրափակչում:

Ուշագրավ է, որ Չեչիտանոյի ներկայացրած երկրի՝ Իտալիայի ազգային ֆեդերացիան 2016 թվականին նրան մեղավոր էր ճանաչել Մարոկկոյում կայացած խաղերում իր պարտության վրա խաղադրույք կատարելու մեջ: Սպորտսմենը մշտապես հերքել է իր դեմ ներկայացվող մեղադրանքը, իսկ Իտալիայի օլիմպիական կոմիտեն ի վերջո հանել էր նրա՝ խաղալու արգելքը՝ հաշվի առնելով ապացույցների պակասը:

Բելգիայի հետաքննիչները խնդրի ուսումնասիրման համար համագործակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Սլովակիայի, Նիդերլանդների ու Միացյալ Նահանգների գործընկերների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում