Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն

Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Այս մասին Արփինե Հովհաննիսյանը հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Թեպետ քվեարկությունը գաղտնի է, բայց ես կարող եմ ձեզ ասել, որ ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն: Կարծում եմ, որ դա ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի իրականացնել լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն, և բոլոր հարցերի պատասխանները, որոնք այս օրերին առաջացել են հանրության մոտ ստանան իրենց պատասխանը»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա շեշտեց, որ սա իր անձնական որոշումն է՝ կարծիք հայտնելով, որ քվեարկության վերաբերյալ դիրքորոշում կհայտնի նաև ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը:

Հարցին՝ միայն Մանվել Գրիգորյա՞նը պետք է պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նախաքննության ընթացքում բոլոր մեղավորները՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, անկախ նրանից, թե այս պահին որտեղ են, առհասարակ, եթե նախաքննության ընթացքում կպարզվի, որ որևէ մեկը մասնակից է եղել այս ամենին և այս ամենը իրականությանը համապատասխանում է, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունն էլ անմեղության կանխավարկածի մասին ծանուցում է տարածել, այս տեսանկյունից բոլորը պետք է պատասխան տան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում