Ընտրություններում անցողիկ շեմի նվազեցումը Հայաստանի զարգացման տեսանկյունից ճիշտ չէ. Դավիթ Հարությունյանը մտահոգություններ ունի

Ընտրություններում անցողիկ շեմի նվազեցումը Հայաստանի զարգացման տեսանկյունից ճիշտ չէ. Դավիթ Հարությունյանը մտահոգություններ ունի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Հայաստանում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված կառավարությանն առընթեր հանձնաժողովն առաջարկել է, որ երկրում խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը դառնա 4 տոկոս՝ նախկին 5 տոկոսի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար 6 տոկոս՝ նախկին 7 տոկոսի փոխարեն։

«Մենք ուսումնասիրել ենք աշխարհի ամենաժողովրդավար երկրների փորձը։ Աշխարհի ամենաժողովրդավար 40 երկրներում, այնտեղ, որտեղ խորհրդարանը ընտրվում է համամասնական ընտրակարգով, անցողիկ միջին շեմը 3.9 տոկոսն է։ Բավականին լավ կլինի պետության համար, եթե խորհդրարանը առավել ներկայացուցչական լինի», – այսօր խորհրդարանում ԸՕ բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական նիստում իրենց քայլը բացատրեց կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

Կառավարությանը կից հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկի վերաբերյալ խորհրդարանական աշխատանքային խմբի ՀՀԿ-ական անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ուներ որոշ մտահոգություններ։

«Մենք միշտ պետք է ելնենք Հայաստանի վերաբերյալ քաղաքական տեսլականից։ Քաղաքական տեսլականի առումով մենք իսկապես խնդիր ունե՞նք, որ փոքր ուժերը ավելի տրոհեն խորհրդարանը։ Այսօր Ազգային ժողովում ամենափոքր ֆրակցիան Դաշնակցություն կուսակցությանն է՝ 7 անդամով։ Ինչքանո՞վ է ճիշտ ունենալ դրանից ավելի փոքր ֆրակցիաներ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի զարգացման տեսանկյունից դա ճիշտ չէ, որովհետև ինչքան փոքրանում են ֆրակցիաները, այնքան ավելի դժվար տեղի է ունենում կոնսոլիդացիան, որովհետև ֆրակցիաների քանակն է ավելանում», – ասաց քաղաքական գործիչը։

2

Հետևեք մեզ նաև Telegram-ում