«Ելք»-ը պատրաստվում է արտահերթ ընտրությունների

«Ելք»-ը պատրաստվում է արտահերթ ընտրությունների

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: «Ելք» խմբակցությունը գնում է քաղաքային իշխանությունը վերցնելու և պատրաստվում է արտահերթ ընտրությունների:

Այս մասին, Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Խմբակցության անդամներն ինչպես նախապես հայտարարել էին, չառաջադրեցին քաղաքապետի թեկնածու, չմասնակցեցին Երևանի ավագանու արտահերթ նիստին, սակայն նրանք քաղաքապետարանում էին և հետևում էին իրադարձություններին:

«Մենք չմասնակցեցինք ավագանու նիստին, որովհետև նախապես հայտարարել էինք, որ քաղաքապետի թեկնածու չենք առաջադրելու և արտահերթ ընտրությունների ենք գնում»,- նշեց Խաժակյանը։

Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ հուլիսի 16-ին չկայացավ ավագանու արտահերթ նիստը, և թեկնածուն չընտրվեց, քաղաքի փաստացի անիշխանության վիճակը չի կարող երկար շարունակվել:

«Կառավարությունը ավագանու արձակումից հետո երկու շաբաթվա ընթացքում ունենալու է հնարավորություն՝ նշանակելու արտահերթ ընտրության օր: Դա պետք է լինի որոշումը կայացնելու պահից սկսած 30-40 օրվա ընթացքում։ Եթե մենք առավելագույն ժամկետներով ենք գնում, ապա արտահերթ ընտրություն կլինի սեպտեմբերի առաջին կեսին»,- ընդգծեց Դավիթ Խաժակյանը։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը, ում անունը որպես քաղաքապետի թեկնածուի շրջանառվում էր մամուլում, ասաց, որ ինքն այս պահին բացառել է իր առաջադրումը որպես քաղաքապետի թեկնածու, և մնացածը ընթացիկ քննարկումները ցույց կտան։

Թեհմինե Վարդանյանն ընդգծեց, որ այժմ քննարկվում է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դաշինքով կամ առանձին մասնակցելու հարցը։
«Մեզ համար ընդունելի են ավագանու արտահերթ ընտրությունները, մենք այլևս չենք պատրաստվում աշխատել ավագանու 46 անդամ ունեցող ՀՀԿ խմբակցության հետ»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում