Չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կդադարեցվի. ՀՀ վարչապետ

Չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կդադարեցվի. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանում բոլոր իրավապահ մարմինները գիտեն, համոզվել են, որ որևէ գործի քննության համար չկա սահմանափակում: Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն, մենք չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կանգնեցվի: Սրանով ամեն ինչ ասված է: Մենք նաև չենք ունենալու այնպիսի քրեական գործը, որը վարող քննիչի դերում կհայտնվի ՀՀ վարչապետը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ամեն կերպ ծաղրել է հեղափոխության գաղափարները՝ ՀՀ վարչապետը նշեց, որ դա վառ, անհերքելի ապացույցն է այն բանի, որ Հայաստանում տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն:

«Եթե նայենք, ով երբ ինչի համար է ծաղրել, ապա այդ ցանկը կարելի է շարունակել: Կոչ եմ անում դրա վրա ժամանակ չծախսել: Մենք չենք կարող լինել անսխալ, բայց բացառում եմ այնպիսի իրավիճակ, որ մենք կաշկանդված լինենք դրանք շտկելու ճանապարհին: Այո, մենք կարող ենք սխալվել կադրային հարցում, բայց մեզ ոչինչ չի խանգարում դա ուղղելու հարցում: Շնորհակալ եմ հանրությանն աջակցության համար»,-նշեց ՀՀ վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում