Հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը Նախիջևանի հատվածում. Դավիթ Տոնոյան

Հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը Նախիջևանի հատվածում. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւԼԻՍԻ, Times.am: Հայկական զինված ուժերը արդեն միջոցներ են ձեռնարկել Նախիջևանի հատվածում Ադրբեջանի կողմից միջդիրքային տարածության կրճատելու ուղղությամբ: Այս մասին հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018 թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառման ժամանակ լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Տոնոյանի խոսքով` հայկական կողմը Նախիջևանում վերահսկում է իրավիճակը:

«Նախիջևանի հատվածում Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինժեներական աշխատանքները`ամրացնելու իրենց դիրքերը, իսկ մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի չեզոքացվեն այդ գործողությունները»,- նշեց Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաև բանակում վերջին շրջանում գրանցված մահվան դեպքերին: Անդրադառնալով Եղեգնաձորում հուլիսի 24-ին զինծառայողի մահվան դեպքին՝ նախարարը նշեց, որ այն դժբախտ պատահար է եղել, իսկ Քարվաճառում տեղի ունեցածը` ալկոհոլի չարաշահման արդյունք:

«Եղեգնաձորում տեղի ունեցածը եղել է դժբախտ պատահար, առնվազն այս փուլում նախաքննությունը մեզ չի տալիս որևէ նշան կամ տեղեկություն, որ դա եղել է միջանձնային հարաբերությունների արդյունքում: Ամեն ինչ անում ենք, որպեսզի այդպիսի դեպք չկրկնվի, որովհետև դա կարգապահության, վարժվածության և պատրաստության խնդիր է: Քարվաճառի դեպքի առթիվ նախ պետք է (մարդկանց) գիտակցության վրա աշխատել, որպեսզի խմիչքը պայմանագրայինների մոտ չհայտնվի առաջնագծում: Այդ միջոցները իրականացվում են Ռազմական ոստիկանության կողմից, հրամանատարական կազմն էլ մեծ ուշադրություն է դարձնում դրա վրա: Պետք է բարձրացնել նաև կարգապահական մակարդակը»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Խոսելով ՊԲ հրամանատարի հայտարարության մասին, թե սահմանին իրավիճակը կարող է սրվել հատկապես սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ հայկական զինված ուժերն այդպիսի զարգացումների միշտ են սպասում:

«Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»,- ասաց Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաև բանակում առկա կոռուպցիոն ռիսկերին: Նախարարի խոսքով՝ ՊՆ-ում էլ են լինում բացահայտումներ ու աշխատանքից ազատման դեպքեր, սակայն նախարարությունն այդ ամենը լուսաբանման չի արժանացնում, որովհետև դրա կարիքը չկա:

«Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք կապված են եղել ձեռքբերումների հետ: Վստահեցնում եմ, որ դրանց բացահայտումը շարունակական գործընթաց է: Վարչապետն ու նոր կառավարությունը նշաձող են սահմանել, և այդ աշխատանքները իրականացվում են, ամենօրյա ռեժիմի մեջ կան պատժվողներ»,- ասաց Տոնոյանը:

Պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ անկարգապահության, քրեական և կոռուպցիոն դրսևորումների, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով մեծ աշխատանք է տարվում նախարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում