Հայաստանը դիմել է Կասպշիկի գրասենյակին սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկում կազմակերպելու առաջարկով

Հայաստանը դիմել է Կասպշիկի գրասենյակին սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկում կազմակերպելու առաջարկով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա գնահատմամբ՝ դա կարող է լինել զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ:

«Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է Կասպշիկի գրասենյակին նման դիտարկում կազմակերպելու առաջարկությամբ, սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպմանը: Հայկական կողմը շարունակում է բանակցությունները գրասենյակի հետ այդ ուղղությամբ»,- հայտարարեց Բալայանը:

Նա նշեց նաև, որ Հայաստանը շարունակում է հետամուտ լինել Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդրին: «Հայկական կողմն այդ հարցը երկկողմ խողովակներից բացի բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ Սլովակիան նախագահելու է ԵԱՀԿ-ում»,- ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում