«168 Ժամ». Ինչ է սպասվում Մոսկվայում

«168 Ժամ». Ինչ է սպասվում Մոսկվայում

«168 Ժամ» թերթը գրում է. ««Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին բանակցություններից ռուսական կողմը, փորձագիտական հանրությունը, որը ուշի ուշով հետևում է հայաստանյան զարգացումներին, միայն դրական ելք է ակնկալում: Ինչպես վերջերս իր հայտարարություններում ակնկարկեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ռուսական կողմը հարգանքով է վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, քանի որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում: Սակայն գտնում ենք, որ որոշ հարցերի վերաբերյալ և՛ Մոսկվայում կա թյուրըմբռնում Հայաստանի քայլերի վերաբերյալ, և՛ Հայաստանում` Մոսկվայի քայլերի ու դիրքորոշման վերաբերյալ: Բայց վստահ եմ, որ դա կողմերը կհաղթահարեն համատեղ աշխատանքի արդյունքում՝ համաձայնության գալով բոլոր հարցերի շուրջ»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում այս մասին է ասել ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասով՝ անդրադառնալով սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը:

Ռուսաստանցի մեկ այլ փորձագետ՝ Ֆյոդոր Լուկիանովը, մեզ հետ զրույցում ասել է, որ հեղափոխությունից հետո Ռուսաստանի համար խնդրահարույց թվացող որոշ զարգացումներ են տեղի ունեցել Հայաստանում: Մասնավորապես, խոսքը, նրա դիտարկմամբ՝ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում քրեական հետապնդման ենթարկելու որոշման մասին էր, որն անդրադարձավ ՀԱՊԿ հեղինակության վրա, մի շարք տարաձայնությունների պատճառ դարձավ ՀԱՊԿ-ի ներսում:

«Մնացած հարցերում ես զգուշավորություն եմ նկատել ՀՀ նոր իշխանություններից: Բացի դրանից, Ռուսաստանն արդեն մի քանի անգամ հայտարարում է, որ Հայաստանի ներքին գործերին չի միջամտում, բայց Հայաստանը պետք է նպաստի ՀԱՊԿ միջազգային հեղինակության ամրապնդմանը»,- նկատել է Լուկիանովը:

Անդրադառնալով Մ. Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկվելու մասին հարցին՝ ինչը Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ գնահատվում է՝ որպես սադրիչ քայլ, Տարասովը նշել է, որ համամիտ չէ այդ գնահատականներին»:

Ռուս փորձագետների հետ զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում