Արարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումների

Արարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումների

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարոզարշավը հատուկ էր նրանով, որ հետհեղափոխական ժամանակահատվածում էր, առկա էին նոր երանգներ, չկար թշնամական մթնոլորտ, և շատ մոտ ենք այն ձեռքբերումն արձանագրելու համար, որ Հայաստանում ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը:

Հարցին, թե քարոզարշավն արդյոք անցա՞վ հավասար պայմաններում, Զուրաբյանը պատասխանեց, որ իր գործունեության երեսուն տարում շատ քիչ է տեսել, որ հավասար պայմաններ լինեն:

«Այնուամենայնիվ, մրցակցություն կլինի Հայաստանում, կլինի առողջ մրցակցություն: Ուզում եմ Հայաստանում հետևյալ գիտակցությունը արմատավորվի՝ քաղաքական մրցակցությունը քաղաքական թշնամանք չէ»,-նշեց նա:

Ըստ Զուրաբյանի՝ ընտրական պրոցեսը մի պահ կարծես շեղվել էր Երևանից և իր նշանակությամբ ու ազդեցությամբ գնացել դեպի հաջորդ պառլամենտական ընտրություններ, դեպի հաջորդ քաղաքական պրոցեսներ:

«Բազմաթիվ թեկնածուներ, բազմաթիվ քաղաքական միավորներ մասնակցում են այս ընտրություններին՝ զուտ փորձելու իրենց հնարավորությունները ապագա ընտրություններում,պատկերացնելու, թե ինչ ձևաչափեր կարող են լինել, ով ինչպես կարող է հանդես գալ ապագա ընտրություններում»,-ասաց քաղաքապետի թեկնածուն:

Զուրաբյանի կարծիքով՝ իշխանությունը պահպանելու համար մեզ պետք են հակակշիռների և զսպումների մեխանիզմներ, նորմալ քաղաքական պրոցեսներ, ուժեր և մրցակցության հավասար պայմաններ և ոչ ամբողջական իշխանության կրում ինչ-որ ուժի կողմից:

«Հավատում եմ, որ մեր հասարակությունը ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորություններ և կարողություն ունի, և սպասում եմ անակնկալների այս ընտրությունների արդյունքները ամփոփելիս»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում