Պետք է միասնաբար պայքարել ժխտողականության ցանկացած դրսեւորման դեմ. Էդուարդ Շարմազանով

Պետք է միասնաբար պայքարել ժխտողականության ցանկացած դրսեւորման դեմ. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, TImes.am: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Անթալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 8-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, hանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է երկկողմ կապերի առավել ակտիվացումն ու խորացումը բոլոր ուղղություններով: Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին արդարացված էր. Հայաստանը եվրասիական շուկային անդամակցելու հնարավորություն ունեցավ: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին գրանցվող տնտեսական աշխուժությունը նախեւառաջ պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ:

Կողմերը կարեւորել են արդյունավետ համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել հոկտեմբերի 29-30-ը Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերը՝ ընդգծելով, որ վեհաժողովի լիագումար նիստը Երեւանում կանցկացվի առաջին անգամ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ Էդուարդ Շարմազանովն նշել է, որ Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում է: Ընդգծելով, որ այս տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ նոր ցեղասպանությունները բացառելու համար պետք է դատապարտվեն նախկինում իրագործված բոլոր ցեղասպանությունները:

«Այսօր գտնվելով Թուրքիայում՝ ուզում եմ նշել, որ ժխտողականությունը նոր մարտահրավեր է Եվրասիա մայրցամաքի համար: Պետք է պայքարել ժխտողականության բոլոր դրսեւորումների դեմ»,-ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում