Քննարկվել են աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի խնդրի լուծման տարբերակները

Քննարկվել են աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի խնդրի լուծման տարբերակները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներմուծման արգելքի հետ առնչվող գերատեսչությունների պատասխանատուների, «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչների միջև։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, քննարկմանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի և Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ։

Քննարկվեցին ստեղծված իրավիճակը կարգավորելու հնարավոր ելքեր։ Որպես խնդրի լուծման տարբերակներ առաջարկվեցին՝

1. որպես ներքին սպառման ապրանքներ դրանք ներմուծելու և ապա վերամշակելու, այսինքն՝ ղեկային տեղաբաշխումը փոխելու հնարավորությունը,

2. տրանզիտ (տարանցիկ) պետհամարանիշներով ներկրել և վաճառել երրորդ երկիր,

3. ներմուծել որպես պահեստամաս:

Առաջարկների շուրջ ծավալված մտքերի փոխանակությունից հետո «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչները նորից պնդեցին իրենց ցանկությունը՝ վերանայել օրենքը և օրենսդրական փոփոխությամբ թույլատրել մինչև 2020 թվականը աջ ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներմուծումը Հայաստան։

Քննարկմանը ներկա գերատեսչությունների պատասխանատուների կողմից՝ ի հակակշիռ ասվածի, կրկին բերվեցին բազմաթիվ փաստարկներ։

Երկու ժամից ավելի տևած քննարկման ավարտին նախաձեռնության ներկայացուցիչներին առաջարկվեց խնդրի լուծման հնարավոր տարբերակներն ուսումնասիրելուց հետո ներկայացնել առաջարկություներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում