Կաթողիկոսին պետական պաշտպանության հատուկ լիազորություն տալու մասին օրինագիծն ԱԺ-ում բավարար ձայներ չստացավ

Կաթողիկոսին պետական պաշտպանության հատուկ լիազորություն տալու մասին օրինագիծն ԱԺ-ում բավարար ձայներ չստացավ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում չստացավ բավարար ձայներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հերթական նիստում նախագիծը ստացավ ընդամենը 28 կողմ ձայն:

Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նշեց, որ եթե կաթողիկոսը հատուկ պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի, ուստի նման օրենքի կարիք չկա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նշեց. «Հայ առաքելական եկեղեցին և Վեհափառ Հայրապետն այն ինստիտուտը չեն, որ «եթե»-ներով խոսենք: Նրանք մեր Սահամանդրությամբ ունեն բացառիկ իրավունքներ: Հայ առաքելական եկեղեցու բացառիկությունը ամրագրված է սահմանադրությամբ: Ուստի պարտավոր ենք բացառիկության իրավունք, պետական պաշտպանության հատուկ լիազորություններ տալ Վեհափառ հայրապետին»:

«Ծառուկյան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը քվեարկությունից առաջ հայտնեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու: «Հայ առաքելական եկեղեցու դավանանքը ոչ միայն իրավական ձևակերպում է, այլ նաև ապրելակերպ: Եվ մենք բարձր ենք գնահատում անվտանգության հարցը, և կարծում ենք, որ նոր օրենքով չէ, որ այս նախադրյալները պետք է ապահովվեն, դա այսօրվա օրենսդրական իրականությունում ևս հնարավոր է ապահովել»,-նշեց նա:

Խոսրով Հարությունյանն առաջարկեց պաշտպանել այդ նախաձեռնությունը: Երկարատև քննարկումներից և բանավեճերից հետո նախագիծն ԱԺ-ում չստացավ բավարար կողմ ձայներ:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իր կարծիքով` դա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր: Բոյկոտելով քվեարկության արդյունքները` մի շարք պատգամավորներ դուրս եկան նիստերի դահլիճից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում