«Հրապարակ». Օրհներգը փոխելու թեման ժամանակավրեպ է և անիմաստ

«Հրապարակ». Օրհներգը փոխելու թեման ժամանակավրեպ է և անիմաստ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության օրհներգը փոխելու թեման, իհարկե, ժամանակավրեպ է և անիմաստ։ Այսպես ասած՝ կեղծ օրակարգ է, որն առաջ են քաշել նիկոլականները և մասնավորապես՝ սովետական հիմնը քարոզող Ալեն Սիմոնյանը։ Սրանից հանրային քննարկումների թեման՝ պարգևավճարների և իշխանության մյուս ձախողումների թեմաներից շեղելու փորձի հոտ է փչում։ Բայց ոչ պակաս մանիպուլյատիվ և անհասկանալի են օրհներգի փոփոխությանը հակադրվողների ջանքերը և մասնավորապես՝ Հայ հեղափոխական դաշնակցության որոշ ներկայացուցիչների փրփրաբերան հակադարձումները։

Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Իտալացի աղջկա երգը՝ ՀՀ գործող հիմնը, ՀՅԴ-ն սեփականաշնորհեց և որպես «մասնավոր սեփականություն»՝ սկսեց պաշտպանել նորերի «ոտնձգություններից»։ Եթե այն Առաջին հանրապետության հիմնն է եղել, դա դեռ չի նշանակում, որ ՀՅԴ-ի անձնական օգտագործման «առարկան» է, և այն փոխելու փորձերը դաշնակցականները պետք է համարեն իրենց ինքնությանն ու գոյությանն ուղղված մարտահրավեր։ Հասկանալի է, որ ՀՅԴ գնացքը «գնացել է», և մարդիկ փրփուրներից են կառչում, բայց անգամ եթե հիմնը չփոխվի, դա ձեզ չի փրկելու։

Օրհներգի շուրջ այս գզվռտոցն էլ ավելի է վարկաբեկելու սեփական օրակարգ չունեցող, զարգացման հեռանկարից զրկված, ծրագիր չունեցող և քաղաքական դաշտում խարխափող 129-ամյա կուսակցությանը։ Ուրիշ ասելիք-անելիք չունե՞ք, հարգելի դաշնակցականներ։ Թե՞ չեք համարձակվում Փաշինյանի կառավարությանը կարևոր հարցերում քննադատել և «կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր» տարբերակով ակնարկներ եք անում վարչապետին։ Հիմնը կարող է փոխվել միայն համազգային քննարկումների արդյունքում, և դա այսօր օրախնդիր հարց չէ։ Փաշինյանի թիմում էլ դա արագ կհասկանան, բայց ձեր կեղծ ու անիմաստ տվայտանքները չեն հասկացվելու»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում