Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Էստոնիա, ապա՝ Գերմանիա

Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Էստոնիա, ապա՝ Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով փետրվարի 7-8-ը կմեկնի Էստոնիայի մայրաքաղաք Տալլին՝ մասնակցելու Արևելյան գործընկերության տարեկան համաժողովին։ Այն նվիրված է գործընկերության տասնամյակին։ Համաժողովին Մնացականյանը հանդես կգա որպես բանախոս։

«Այցի շրջանակում նախարարը հանդիպումներ է ունենալու այդ երկրի վարչապետի, խորհրդարանի ղեկավարի, արտաքին գործերի նախարարի հետ։ Նախատեսված է նախարարի հանդիպումը ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների հետ»,-ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Փետրվարին նախատեսված է նաև Մնացականյանի այցը Գերմանիա։ Փետրվարի 16-18-ը Մյունխենում կկայանա անվտանգության համաժողովը։ Դրա շրջանակում նախատեսված են Մնացականյանի երկկողմ հանդիպումներ։

Աննա Նաղդալյանն անդրադարձավ նաև Դանիայում Հայաստանի դեսպանատան փակմանը։

«Մենք բազմիցս ենք ասել, որ դիվանագիտական ծառայության աշխատանքի արդյունավետ դարձնելու հետ կապված որոշ բարեփոխումներ են իրականացվում, և դրանց թվում է նաև ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալացումը։ Պետք է այս պրիզմայով դիտարկել Դանիայում ՀՀ դեսպանության միացումը Շվեդիայում ՀՀ դեսպանությանը։ Հենց այնտեղից էլ կիրականացվի Հայաստանի ներկայացվածությունը տարածշրջանում»,- ասաց Նաղդալյանը՝ խնդրելով ուրիշ շահարկումներ չանել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում