Աշոցքում հաղթող թեկնածուից հետո առավել շատ ձայներ է ստացել ՀՀԿ-ական նախկին համայնքապետը

Աշոցքում հաղթող թեկնածուից հետո առավել շատ ձայներ է ստացել ՀՀԿ-ական նախկին համայնքապետը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Շիրակի Հառիճ գյուղում կշարունակի պաշտոնավարել նախկին գյուղապետը։ Անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանը ստացել է 361 քվե՝ իր միակ մրցակցից առաջ անցնելով 161 ձայնով։

Շիրակում կիրակի համայնքապետ էին ընտրում նաև խոշորացված Աշոցքում։ Այստեղ մրցակցությունն ուժեղ էր։ Յոթ թեկնածու էր պայքարում: Ուշագրավ է, որ ընտրություններում առաջդրված ՀՀԿ-ական Արթուր Ալոյանը, ով Աշոցքի նախկին ղեկավարն էր, մյուս թեկնածուներից ամենաշատ քվեներն է ստաել։ Նրա օգտին քվեարկել է 804 ընտրող։ Նրան հետևում է անկուսակացական Կարեն Մարտիրոսյանը 495 ձայնով։

Աշոցքի նախկին ղեկավար Արթուր Ալոյանը հրաժարական էր ներկայացրել անցած տարվա նոյեմբերին։

«Հրաժարական ներկայացրել եմ իմ կամքով, ինձ ոչ ոք չի ստիպել, իսկ պատճառը հարկերի հավաքագրումներն են եղել: Նախորդ տարի համատեղ աշխատանքով կարողացանք հավաքագրումները մոտ 100 տոկոսով կատարել, բայց այս տարի հիսուն տոկոսի սահմանը դեռ չենք հատել: Վերջին մարզխորհրդի նիստի ժամանակ հստակ պահանջ ներկայացվեց համայնքապետերին, որ մինչև տարեվերջ պետք է բացթողումները լրացնենք, իսկ դա իմ ուժերից վեր էր»,- պարզաբանել էր նախկին համայնքապետը:

Նշենք, որ նորընտիր համայնքապետի գործունեության ուշագրավ դեպք է արձանագրել ու բարձրաձայնել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նա պարզել է, որ Կարեն Մանուկյանն արձակուրդում գտնվելու ընթացքում մի շարք որոշումներ է կայացրել որպես համայնքապետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում