Մատվիենկոն հայտարարել է Պուտինի եւ Փաշինյանի հնարավոր հանդիպման ժամկետների ու վայրի մասին

Մատվիենկոն հայտարարել է Պուտինի եւ Փաշինյանի հնարավոր հանդիպման ժամկետների ու վայրի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը կարող են երկկողմ հանդիպում անցկացնել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի շրջանակում, որը մայիսի 29-ին տեղի կունենա Ղազախստանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«ՌԴ-ի եւ Հայաստանի քաղաքական փոխգործակցությունը շատ կառուցողական, դինամիկ ընթացք ունի: Մեր երկրների ղեկավարներն անցյալ տարի հանդիպել են յոթ անգամ, նրանք մշտական շփման մեջ են, հեռախոսազրույցներ են անցկացնում: Մայիսի 29-ին հանդիպում է լինելու ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի շրջանակում, որը տեղի կունենա Ղազախստանում, իսկ հոկտեմբերի 1-ին նույնպիսի միջոցառում է լինելու Երեւանում, որտեղ նույնպես մեր երկրների ղեկավարները հանդիպում անցկացնելու հնարավորություն կունենան»,- հայտարարել է Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում