Կարինե Հակոբյանը նոր վարչապետի հետ հույսեր է կապում, Լարիսա Ալավերդյանը` ոչ

Կարինե Հակոբյանը նոր վարչապետի հետ հույսեր է կապում, Լարիսա Ալավերդյանը` ոչ

ԱԺ նախկին պատգամավոր, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը հույսեր չի կապում նոր կառավարության կազմի եւ նոր վարչապետի հետ: Թեպետ Ալավերդյանը Տիգրան Սարգսյանի անձը շատ բարձր է գնահատում, սակայն որպես վարչապետ նրա գաղափարները չկիսեց: Նրա խոսքով, ո’չ Սարգսյանը, ո’չ էլ իր կառավարությանը չդարձան քաղաքական պաշտոնյաներ, նրանք ընդամենը մենեջերությամբ էին զբաղված եւ իրականացնում էին նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալավերդյանը չբացառեց, որ Աբրահամյանն էլ է մենեջերի պաշտոն ստանձնելու եւ շարունակելու այն նույն քաղաքական գիծը, որ վեց տարի շարունակ իրականացնում էր Սարգսյանը:

«Բարեփոխում» հասարակական կազմակերպության ղեկավար, հրապարակախոս Կարինե Հակոբյանը նոր վարչապետի մասին կարծիք հայտնել չի ցանկանում: «Ազգային ժողովի նախագահը մի պաշտոն էր, վարչապետինը’ մեկ այլ»,- ասում է Հակոբյանը’ հավելելով, որ անհրաժեշտ է որոշ ժամանակ տալ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում գործելու համար: Հակոբյանի գնահատմամբ, Աբրահամյանի ամենակարեւոր որոշումը կառավարության նոր կազմն է լինելու: Միայն նոր կազմը տեսնելուց հետո կարելի է ենթադրություններ անել, թե ինչպիսին կլինի նոր վարչապետըի ուղեգիծը: Հակոբյանը վստահ է’ հին անձանցով անհնար է փոփոխություններ կատարել, հետեւաբար, Աբրահամյանի ուշադրության կենտրոնում պետք է լինի կառավարության ճիշտ կազմ հավաքելն ու համակարգային փոփոխությունների ծրագիր մշակելը:

Ի տարբերություն Կարինե Հակոբյանի, Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, մարդուն կարելի է դատել իր անցյալով, իր գործունեությամբ եւ նախկին պաշտոններում ունեցած հաջողություններով: Ըստ Ալավերդյանի, նախկին պաշտոններում Աբրահամյանի ունեցած հաջողություններն այնքան էլ մեծ չեն եղել: Ալավերդյանը խորհուրդ է տալլիս մեծ հույսեր չփայփայել, որպեսզի հիասթափությունը մեծ չլինի: Կարինե Հակոբյանի տեսակետն էլ հետեւյալն է. Աբրահամյանը շատ էր ցանկանում վարչապետ լինել, բացի այդ, կա նաեւ հասարակական դժգոհություն իր անձի հետ կապված: Հետեւաբար, ԱԺ նախկին խոսն ակը վարչապետի պաշտոնը պետք է դիտարկի պատվի հարց եւ լավագույնը ներդնի հաջողության հասնելու համար:

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան սարգսյանի հրաժարականից հետո Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում