Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» դպրոցի ավարտական դասարանի սաներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» դպրոցի ավարտական դասարանի սաներին

Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» դպրոցի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին’ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Հրաչ Թուֆայանի և դպրոցի պաշտոնեության ներկայացուցիչների: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից: 

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց «Հովնանյան» վարժարանի ավարտական 8-րդ դասարանի սաներին’ մաղթելով նրանց նախանձախնդրություն, փութեռանդություն և հաջողություններ հետագա ուսումնառության ընթացքին:

Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ դպրոցի սաների’ արդեն ավանդույթ դարձած այցելությունները Հայաստան յուրահատուկ խթան են պատանիների համար սեփական աչքերով տեսնելու այն ամենը, ինչ գրքերից սովորել են Հայրենիքի ու նրա հարուստ պատմության մասին, հաղորդ դառնալու հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու ազգային-հոգևոր առաքելությանը, հայրենի հողում գտնվող սրբազան ժառանգությանն ու սրբություններին: «Այս այցելությունը ձեր ինքնագիտակցության վրա իր զորեղ դրոշմը պիտի թողնի, և դուք առավել հպարտ պիտի լինեք, որ հայ ժողովրդի զավակներն եք»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Երիտասարդների հետ զրույցի ընթացքում Նորին Սրբությունը հորդորեց ամուր պահել կապը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետ և հավատարիմ մնալ ազգային ինքնությանն ու հոգևոր արժեքներին: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաև «Հովնանյան» վարժարանի սաների ծնողների հայրենասեր ոգին, դպրոցի հոգաբարձուների և մանկավարժների գովարժան հետևողականությունը, որոնց շնորհիվ սաների մտքում և սրտում մշտարթուն է պահվում սերը հանդեպ Մայր Հայրենիքը, Հայոց լեզուն և Մայր Եկեղեցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում