Ի՞նչ նպատակ են հետապնդում ռուսաստանյան ավիափոխադրողները Հայաստանում

Ի՞նչ նպատակ են հետապնդում ռուսաստանյան ավիափոխադրողները Հայաստանում

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը վերանայել է իր ծրագրերը և հետ կանչել 17 ուղղություններով իր չվերթները: Նման տեղեկատվություն նախօրեին տարածել էին ռուսական առաջատար լրատվամիջոցները: Համաձայն շրջանառվող լուրերի, ի թիվս այլ ուղղությունների, ավիափոխադրողը դադարեցնում է նաև «Դոնի Ռոստով-Երևան» և «Մինվոդի-Երևան» չվերթները:

Interfax-ին տրված մեկնաբանությունում «Աերոֆլոտի» ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունն ուղղակի չի օգտագործում այդ չվերթները, այդ պատճառով հրաժարվում է դրանցից։

«Աէրոֆլոտի» երևանյան գրասենյակից Times.am-ի թղթակիցն այսօր փորձել է ճշտել, թե ինչու՞ է ավիափոխադրողը ցանկանում հրաժարվել Երևան թռչող երկու ուղղություններից: Սակայն, ի պատասխան մեր հարցմանը, ընկերության ներկայացուցիչն ասաց, որ իրենք նման տեղեկատվություն չունեն: «Որտեղի՞ց է այդ տեղեկատվությունը: Ո՞վ է լուրի աղբյուրը: Նման բան չկա և «Աէրոֆլոտը» չի պատրաստվում հրաժարվել այդ ուղղություններից»,- մեզ հետ զրույցում նշեցին ընկերության գրասենյակից՝ հորդորելով «Աէրոֆլոտի» մասին լուրերին ծանոթանալ բացառապես իրենց պաշտոնական կայքէջից:

Ի դեպ, մայիսի 25-ին «Աէրոֆլոտի» «Մոսկվա-Երևան» չվերթի վթարային վայրէջքի մանրամասները ճշտելու համար կապվել էինք «Աէրոֆլոտի» երևանյան գրասենյակ, սակայն ոչ երևանյան գրասենյակից, ոչ էլ պաշտոնական կայքէջից որևէ մանրամասներ պարզել չհաջողվեց:

Փաստ է, որ «Աէրոֆլոտի» երևանյան գրասենյակում տեղյակ չեն, թե ինչ որոշումներ է կայացվում Մոսկվայում: Նշենք, որ «Դոնի Ռոստով-Երևան» և «Մինվոդի-Երևան» չվերթներից հրաժարվելու մասին երեկ հաղորդագրություն է տարածել նաև Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը:

Փորձագետների կարծիքով «Աէրոֆլոտի» և ընդհանրապես ռուսական ավիափոխադրողների կողմից վարած քաղաքականությունը Հայաստանի ավիաշուկայի համար մի շարք վտանգներով է հղի: Վիճակագրության համաձայն, 2013 թվականին Հայաստանից ավիաթռիչքների գրեթե կեսն իրականացվել է Մոսկվայի ուղղությամբ: Ռուսաստան և Հայաստանի միջև բոլոր փոխադրումները կազմում են Հայաստանի փոխադրումների ընդհանուր ծավալի շուրջ երեք քառորդը: Այսպիսով, Հայաստանի օդային փոխադրումների գերակշռող մասը կատարվում է Ռուսաստան կամ Ռուսաստանի միջոցով: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության կողմից որդեգրված «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում 2013 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի հետ ստորագրվել է համաձայնագիր, որով հանվել են չվերթների նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները, ինչից հետո ռուսաստանյան փոխադրողները էապես մեծացրել էին իրենց չվերթների թիվը, ինչպես նաև սկսել էին առաջարկել սակագներ, որոնք փորձագետների կարծիքով անողջամիտ ցածր են և խախտումն են արդար մրցակցության կանոնները:

Նույն «Աէրոֆլոտը» 2014 թվականի մարտի վերջից «Դոնի Ռոստով-Երևան» և «Մինվոդի-Երևան» ուղղություններով հայտարարել էր օրական չվերթ և սահմանել էր շատ ցածր սակագներ: Նման պայմաններում չվերթները չէին կարող լինել եկամտաբեր և ուշ թե շուտ ավիաընկերությունը պետք է վերանայեր իր քաղաքականությունը:

Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև «Մոսկվա-Երևան», «Կրասնոդար-Երևան» և «Սոչի-Երևան» ուղղություններով: Մասնավորապես, վերջին երկու ուղղություններով սահմանվել էին նույն սակագները, ինչ «Մինվոդի-Երևան» ուղղությունով՝ շուրջ 38 եվրո, չնայած Կրասնոդարը և Սոչին գտնվում են ավելի մեծ հեռավորության վրա Երևանից, քան Մինվոդին: Նշված ուղղությունների համար նույնպես հայտարարված է օրական չվերթ «Աէրոֆլոտի» կողմից, ինչպես նաև չվերթներ են կատարում ռուսաստանյան «ՅՈՒՏէյրը» և հայաստանյան «Էյր Արմենիան»: Կարելի է ակնկալել, որ չարդարացված ցածր սակագների և շուկայի չափին չհամապատասխանող չվերթների հաճախականության պարագայում, այս շուկաներում ևս կարող են տեղի ունենալ փոփոխություններ:

2014 թվականին զգալի փոփոխություններ են տեղի ունեցել նաև «Մոսկվա-Երևան» շուկայում: Ներկայումս այդ ուղղությամբ չվերթներ են կատարում հինգ ավիաընկերություններ: Ընդ որում «ՅՈՒՏէյրը», որը համեմատաբար նոր է սկսել չվերթներ կատարել այս ուղղությամբ, հայտարարել էր, որ տոմսի արժեքները սկսվում են 49 Եվրոյից: Իրականում պարզվեց, որ հայտարարված սակագինը չէր ներառում տուրքերի գումարը և հայտարարված սակագներով տոմս հնարավոր չէր ձեռք բերել: Թե՛ սխալ սակագնի հայտարարումը, թե՛ նման ցածր սակագնի կիրառումը փորձագետների կարծիքով հանդիսանում է անբարեխիղճ մրցակցություն:

Նշված բոլոր ուղղություններով, բացառությամբ Մինվոդիի, չվերթներ էր կատարում նաև հայաստանյան «Էյր Արմենիա» ավիաընկերությունը: Վերջերս այն հայտարարել էր ժամանակավորապես Դոնի Ռոստովի չվերթը դադարեցնելու մասին՝ պնդելով որ այդ ուղղությամբ ռուսաստանյան փոխադրողները կիրառում են դեմպինգային սակագներ: Մնում է միայն կռահել, թե ինչ նպատակ են հետապնդում ռուսաստանյան փոխադրողները, անսահմանափակ մեծացնելով իրենց չվերթների թիվը և կիրառելով դեմպինգային գներ:

Ակնհայտ է, որ այս ոլորտում պետության գործիքակազմը բավարար չէ ոլորտում լիակատար վերահսկողություն իրականացնելու համար, իսկ «բաց երկնքի» քաղաքականությունը պարզապես կարող է դառնալ լուրջ չարաշահումների առիթ: Արդյունքում ստացվում է այնպիսի իրավիճակ, որտեղ ավիաընկերությունները հնարավորություն են ստանում սրտի ուզած ժամանակ ուղղություններ բացել, գին ավելացնել կամ պակասեցնել, հետո փակել այդ ուղղությունները: Իսկ ՀՀ քաղաքացիներին մնում է միայն գուշակել, թե ինչ կլինի մեկ շաբաթ հետո և ինչ ճանապարհներով ճակատագիրը նրանց կհասցնի այս կամ այն քաղաք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում