Կկրկնվի՞ օգոստոսյան մինի-պատերազմը

Երբ այս տարվա հուլիս-օգոստոսին ադրբեջանական կողմը ՀՀ-ում և Արցախում սահմանին սրեց  լարվածությունը՝ նախաձեռնելով ավելի քան 20 դիվերսիա կամ դիվերսիոն փորձ, ՀՀ-ի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ամեն պատեհ առիթի լրագրողները հարցնում էին, թե  ինչո՞ւ  ՀԱՊԿ-ն իր անդամ երկրին պաշտպանելու  համար ոչինչ չի անում, իսկ նախարարն ամեն անգամ պատասխանում.«ՀԱՊԿ-ի աջակցության կարիքը Հայաստանը չունի»: Ավելին, մեկ  անգամ  նախարարը նույնիսկ նկատեց, թե ինչ բանակ, որ չկարողանա նման դեպքերում իր առջև դրված խնդիրները կատարել, երբ նրան տեղեկացրեցին, թե ՀԱԿՊ-ից ասում են, որ օգնության համար  որևէ գրավոր առաջարկ չեն ստացել ՀՀ-ից:

«Նման առաջարկ մեր կողմից կլինի միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում»,-շարունակեց նախարարը:

Եվ, իսկապես, իրադարձությունների զարգացումը, ընթացքը, ելքը և հակառակորդի կորուստների գերազանցող թիվն ու էլի որոշ հանգամանքներ ցույց տվեցին, որ ՀՀ ԶՈՒ-ն և Արցախի ՊԲ-ն ի վիճակի են առանց որևէ երրորդ ուժի՝ մարտական ոգու և պատրաստվածության շնորհիվ, ինքնուրույն լուծել անվտանգության հետ կապված առկա խնդիրները և հակառակորդին խաղաղություն պարտադրել: Այլ հարց է, որ նախարար Օհանյանը սխալ համարեց  ՀԱՊԿ-ի լռությունը.

«Ինչ վերաբերում է իրավիճակի դատապարտմանը և ճիշտ գնահատական տալուն, ապա սա պետք է վերաբերի ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլև բոլոր կազմակերպություններին, բոլորը պետք է սթափ գնահատեն իրավիճակը և դատապարտեն Ադրբեջանին»:

Ինչևէ, օգոստոսյան դեպքերից հետո՝ օգոստոսի 14-ին,  Երևանում հրավիրված հանդիպմանը ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը ևս  արձանագրեց ՀՀ և Արցախի ԶՈւ-ի պատրաստվածության և  գրագիտության  բարձր  աստիճանն՝ ուշադրություն հրավիրելով  այն փաստի վրա, որ հայկական կողմի ժամկետային զինծառայողների դեմ դուրս էին եկել որոշ պետությունների կողմից հատուկ պատրաստված պրոֆեսիոնալներ:

«Մասնավորապես, հակառակորդի դիվերսիոն գործողությունները հաջողվեց կանխել, քանի որ առաջնագծում կանգնած զինվորն ամուր մնաց իր դիրքերում և կարողացավ սպաների կողմից տրված խնդիրներն արագ լուծել: Երկրորդ՝ բավական լավ աշխատեց հայկական կողմերի հետախուզությունը: Եվ որ ամենակարևորն է՝ հայկական կողմը չտրվեց ադրբեջանական ավանտյուրաներին և չչարաշահեց իր ռազմատեխնիկական հնարավորությունները, այսինքն՝ զինտեխնիկայի քանակի ավելացման չգնաց, ինչն ավելի մեծ բախումների կբերեր՝ ընդլայնելով հակամարտության գոտին»,-շեշտեց Եվսեևը:

Այս համատեքստում փորձագետը չանտեսեց նաև խաղաղ բնակիչների և  կամավորների համախմբվելն ու առաջնագիծ մեկնելը: Ըստ նրա՝ ամբողջ հանրապետությունն արձագանքեց մոտ կանգնած սպառնալիքին՝ ցույց տալով, որ պատրաստ են մեռնել, բայց երբեք չեն զիջի իրենց դիրքերն ու հողերը և այստեղ ոչ մի իշխանական պարտադրանք չկար:

Եվ այս ամենից հետո  Հայաստանին՝  ԵՏՄ-ին անդամակցման, իսկ  ավելի ճիշտ՝ Եվրասիական ինտեգրման ձգձգումների, ձախողումների  ֆոնին այսօր Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նույն Եվսեևը  «սպառնաց».

«Եվրասիական ինտեգրումը պետք է համատեղել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ուժեղացմամբ, քանի որ այն, ինչ օգոստոսին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, մեկ տարի հետո կարող է կրկնվել, իսկ կորուստները կարող են ավելին լինել: Մենք պետք է պատրաստ լինենք նմանատիպ իրադարձություններին ադեկվատ պատասխան տալուն, քանի որ դրանց կրկնությունը միանգամայն հնարավոր է. կան արտաքին ֆիգուրներ, որոնք շատ կցանկանային  առճակատում: Միայն դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը կարող է կանխել նման սպառնալիքները»: 

Ի դեպ, նույն Եվեսեևն ասաց, որ Եվրասիական ինտեգրման գործընթացն արագ չի զարգանա և, որ դրա համար կպահանջվի մոտ երկու տարի: Ի՞նչ է ստացվում՝ լավ իմանալով, որ ԵՏՄ-ին անդամակցման որոշումը ՀՀ իշխանությունները կայացրել են անվտանգության խնդիրներից ելնելով, ռուսական կողմից դարձյալ այսպես ասած՝ մեր թույլ կողմն են փորձում շահարկել՝ վախենալով, որ զղջո՞ւմ կլսեն, թեպետ, նման տրամադրություններ հայկական կողմում չի նկատվում և ոչ էլ ձգձգումն է մեր պատճառով, համենայնդեպս, հրապարակավ այսպես է: Գուցե բաներ կան, որոնց մասին հասարակությունը չգիտի, ըստ էության, ՀՀ-ի և Արցախի միջև մաքսակետի  տեղադրման հետ կապված փաստաթղթի պահանջների հրապարակումը պատահականություն չէ, այն էլ հոկտեմբերի 10-ից առաջ: Ով գիտի, գուցե ՀՀ իշխանությունները փորձում են հասարակության շրջանում դժգոհություն առաջացնել  և դա հետո օգտագործել որպես պատճառ, եթե հանկարծ ինչ-որ բան այն չառաջարկվի: Սա ժամանակը ցույց կտա, իսկ մինչ այդ հարկ է ևս մի քանի փաստ հիշել և համադրել, մասնավորապես, Հայաստանը նախագահի մակարդակով մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, երբ նախքան այդ երկու հավաքին բարձր մակարդակով մասնակցություն չի եղել, իսկ այս ինքնուրույն որոշումը, բնականաբար, Կրեմլին դուր չէր կարող գալ: Եվ այսօր Երևան-Մոսկվա տեսակամուրջին քաղաքագետ Սերգեյ Միխեևը գաղտնազերծում է, որ Ադրբեջանին զենք վաճառելու  շարժառիթներից մեկը Բաքվում  ՆԱՏՕ-ի ռազմաբազայի տեղակայմանը խոչընդոտելն է: Հետո ակնարկում՝ 21-րդ դարում ոչ մեկ քո մասին չի մտածելու, մտահոգվելու, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը գերտերություններն իրենց շահերին են ծառայեցնում, ինչպեսև Ցեղասպանության հարցը: Սա նշանակում է, որ չպետք է կորցնել զգոնությունը և առնվազն մեկ տարի հատուկ աչալրջություն դրսևորել, քանի որ արդեն նախազգուշացվել է՝ մինի-պատերազմը կարող է կրկնվել և նույնիսկ կորուստները կարող են ավելին լինել:

Ի դեպ, օրեր առաջ տեղի ունեցած պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստին Սեյրան Օհանյանն ըստ էության այս մասին ակնարկել է՝ Ադրբեջանի ակտիվությունը կապելով աշխարհաքաղաքական զարգացումների հետ.

«Աշխարհաքաղաքական ներկա լարված իրավիճակում չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության և սպառազինության, ինչպես
նաև ռազմական  տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին, քանի որ  հակառակորդը ոչ մի առիթ բաց չի թողնում սահմանին լարվածություն ստեղծելու համար»:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում