Իշխանությունը մեկ մարդու ձեռքում է, դատարաններն էլ անկախ չեն.Սահմանադրական փոփոխությունները իրավիճակ են փոխելու. Ռաֆիկ Պետրոսյան

Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ լավատեսական կարծիք է հայտնել: Միաժամանակ, ՀՀ իշխանություններին որոշակի առաջարկություններ են արվել ընդդիմության դերի բարձրացման հետ կապված: Մասնավորապես, դրանք  վերաբերում են  ընդդիմադիր ուժերից ԱԺ փոխնախագահ նշանակելուն, ընդդիմության ներկայացուցիչների կողմից քննիչ հանձնաժողովներ կազմելուն և դրանք ղեկավարելուն, ինչպես նաև Սահմանադրությունից բխող օրգանական որոշումների ընդունմանը՝ ձայների 3/5 հարաբերակցությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ սահմանադրական փոփոխությունների պահանջներից է նաև  միջազգային կազմակերպություններին միանալուց կամ դուրս գալուց  հանրաքվեի պարտադիր անցկացումը:

Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի՝ այս փոփոխություններն ավելի շատ ընդդիմությանն են ձեռնտու,  ուստի զարմանալի է նրանց  հակադիր պահվածքը: Այս համատեքստում ՀՀԿ-ական գործիչն անկեղծացավ՝  ՀՀ-ում  միանձնյա իշխանություն է ձևավորվել և այն մեկ մարդու ձեռքում է, սահմանադրական փոփոխությունները կոտրելու է այս կարծրացած կարգը՝ իշխանությունը  կոլեգիալ մարմնի ձեռքում կենտրոնացնելով: Այսինքն՝ գործ ենք ունենալու կառավարման համակարգի բարեփոխման հետ:

«Նախագահը պատասխանավություն չի կրում Կառավարության աշխատանքի համար, որովհետև Սահամանդրությամբ դա նախատեսված չէ: Ցանկություն կա իշխանություններն այնպես բաժանել, որ բացասական երևույթները կառավարման ոլորտից դուրս մղվեն և կառավարումը բարելավվի»,- շեշտեց նա:

Այս համատեքստում  Ռաֆիկ Պետրոսյանը խոստովանեց՝  ՀՀ-ում  դատարաններն անկախ չեն, ինչը պայմանավորված է նաև գործող  Սահմանադրությամբ.

«Գործող դատավորներն անդամակցում են  Արդարադատության խորհրդին, որը նախագահում է Վճռաբեկ դատարանի նախագահը: Հիմա ո՞ր դատավորը ռիսկ կանի դիմադրել կամ չքվեարկել Վճռաբեկ դատարանի առաջարկների օգտին: Մինչդեռ նրանք չպետք է վախենան և իրական անկախություն ձեռք բերելու համար պետք է պայքարեն»:

Ռաֆիկ Պետրոսյանը վստահեցրեց, որ ժամանակի ընթացքում շարքային քաղաքացին իր մաշկի վրա կզգա սահմանադրական փոփոխությունների դրական ազդեցությունը:

Ինչ վերաբերում է Կրեմլի հետ համաձայնեցնել-չհամաձայնեցնելուն,  ՀՀԿ ներկայացուցիչն ակնարկեց, թե նրանք հաստատ տեղյակ են ՀՀ-ի՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու մտադրություններին՝ շեշտելով, որ նման հարցերում իրենք հաշվի են առնում Եվրոպայի խոսքը:

Ի դեպ, այս համատեքստում  ՀՀԿ-ական գործիչն անհիմն համարեց «Ժառանգություն» կուսակցության մոտեցումը՝ Սերժ Սարգսյանին մեղադրել հակասահմանադրական քայլի մեջ, ինչ է թե Հայաստանն անդամակցել է ԵՏՄ-ին՝ առանց հանրաքվեի:

«Սակայն Սահմանադրության մեջ որևէ տեղ գրված չէ, որ նման հարցերով պետք էր
հանրաքվե անցկացնել»,- եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում