Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսուա Օլանդի հետ

Ելիսեյան պալատում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է Times.am-ի թղթակիցը Փարիզից, Սարգսյան-Օլանդ հանդիպմանը նախորդել է Ֆրանսիայի նախագահի հանդիպումն Ադրբեջանի իր գործընկերոջ հետ։ Երկու այս հանդիպումներով այսօր սկիզբ է առել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քննարկումները Ֆրանսիայում։

Ֆրանսուա Օլանդի հետ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղարաբաղյան խնդրից զատ, քննարկելու է նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Ավելի ուշ Նախագահը Մարինյի պալատում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հիշատակված հանդիպմանը կհետևի երկու երկրների ղեկավարների մոտ մեկ ու կես ժամ տևողությամբ առանձնազրույցը։

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայ-ադրբեջանական բանակցություններին կմիանա ավելի ուշ։ Երևանի ժամանակով երեկոյան 21։15-ին Ելիսեյան պալատում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հանդիպում, որին կհետևի պաշտոնական ընթրիք` ի պատիվ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների։ Այսքանով հայ-ադրբեջանական բանակցությունների փարիզյան փուլը կավարտվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում