ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կոմյունիկեի նախագծում չի հիշատակվում Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին

Նմանատիպ
The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Հաագայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեի նախագծում Ուկրաինայի և Վրաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ խոստումները չեն հիշատակվում։
Թերթի տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն «որոշակի անհանգստությամբ» բացատրել է այս բացակայությունը՝ նշելով, որ «նախկին պարտավորությունները (Ուկրաինայի և Վրաստանի հանդեպ) համարվում են կատարված և կարիք չունեն կրկնման»։ Բացի այդ, կոմյունիկեի նախագծում ընդգծվում է ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի ավելացման կապը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հետ։
The New York Times-ը նաև նշում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դերը գագաթնաժողովում զգալիորեն նվազել է։ Երկու անանուն եվրոպացի պաշտոնյաների խոսքերով՝ Զելենսկին որոշ ժամանակ տատանվելուց հետո է համաձայնել մասնակցել գագաթնաժողովին։
Միաժամանակ Politico-ն, հղում անելով երեք եվրոպացի դիվանագետների, հաղորդում է, որ ըստ ամենայնի, Ուկրաինան գագաթնաժողովի ավարտից հետո Արևմուտքից չի ստանա ո՛չ նոր ռազմական աջակցություն, ո՛չ էլ զինտեխնիկա, ներառյալ հակաօդային պաշտպանության նոր համակարգեր։
Գերմանիայի կառավարության աղբյուրը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը գագաթնաժողովում մեծ դեր չի ունենալու։ Նրա խոսքով՝ դաշինքի ներսում չկա համախոհություն այս հարցի շուրջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում