«Թուրքական այցի» ներհայաստանյան հետևանքները

Նմանատիպ
Վաղ առավոտից մայրաքաղաքում և Հայաստանի մի շարք մարզերում իշխանությունը սկսեց իրավական տեռորի համակարգված գործընթաց, որի թիրախում այս անգամ հայտնվել են «Սրբազան շարժման» մասնակիցները՝ այդ թվում շարժման գլխավոր Բագրատ Սրբազանը։ Նա ձերբակալվեց ԱԱԾ-ի կողմից, ինչպես պաշտոնական հաղորդագրությունում էր նշված՝ «հեղաշրջման փորձի» գործի շրջանակում։
Հետաքրքիրն այն է, որ այս քայլը տեղի է ունենում անմիջապես Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցից հետո, ինչը տրամաբանական կետ է վերջին շրջանի քաղաքական իրադարձությունների շղթայում։ Դիվանագիտական այս շրջագայությունը ոչ թե խաղաղության օրակարգի միավորող կամ ճգնաժամերի հաղթահարման փորձ էր, այլ՝ Հայաստանի ներսում ներքին վերահսկման և ընդդիմության վախեցման նոր մեխանիզմների հաստատման նախապատրաստություն։
Իշխանական գործողությունների մեխանիզմը վաղուց հայտնի ու բազմիցս կիրառված սցենարով է աշխատում․ սկզբում տեղեկատվական դաշտ է «նետվում» մի թեմա կամ թեզ՝ այս դեպքում «հեղաշրջման փորձի» մասին մանիպուլյատիվ ձևակերպմամբ լուրեր, այնուհետև այդ տեղեկատվությունը սկսում են տիրաժավորել նախընտրած լրատվամիջոցները, իշխող թիմի պատգամավորներն ու խոսափողները, դրանից կարճ ժամանակ անց արդեն գործողության անցնում են ուժային կառույցները՝ ԱԱԾ-ի կամ քննչական մարմինների միջոցով։ Մասնավորապես, ողջ օրվա ընթացքում բոլորս ականատես եղանք, թե ինչպես է իշխող կլանի ողջ անձնակազմը «ֆուլ» կցվել թեմայի պիտակավորմանը (վստահաբար նախապես դերաբաշխումը եղել էր, թե ով, ինչի մասին է խոսելու)։
Այս պրակտիկան, որը ակնհայտորեն հակասում է իրավական պետության և հիմնարար ազատությունների սկզբունքներին, ունի մեկ հիմնական նպատակ՝ բռնազավթված իշխանության անվտանգությունն ապահովել ցանկացած գնով՝ սանձելով քաղաքացիական շարժումները, հոգևոր դեմքերին, բիզնես-գործիչներին և մնացած չեզոք դաշտում գործող ուժերին։
Հատկանշական է, որ մի քանի օր առաջ ձերբակալվեց նաև գործարար Սամվել Կարապետյանը՝ մի քայլ, որը բացահայտում է Նիկոլ Փաշինյանի խորացող տագնապները՝ հնարավոր քաղաքական կոնսոլիդացիայի, նոր ձևավորվող դաշինքների ու տարբեր ազդեցիկ շրջանակների համագործակցության կապակցությամբ։ Կարապետյանի ձերբակալությունը ոչ միայն ուժային ազդակ էր նախկին համակարգի դեմ, այլև՝ նախազգուշացում՝ ուղղված բիզնես համայնքին, հոգևոր իշխանությանը և արտակուսակցական նախաձեռնություններին։
Այս երկու գործընթացը՝ Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի դեմ իրականացված բռնի գործողությունները, պետք է դիտարկել նույն շղթայի մեջ․ խոսքը իշխանության նախապես մշակված ռազմավարության մասին է՝ ընդդիմադիր և չկոնտրոլվող բևեռների կանխարգելիչ ոչնչացման ուղեգծով։
Թերևս այս զարգացումները հնարավոր չէ հասկանալ, առանց հաշվի առնելու այն խորքային քաղաքական վախերը, որոնք վերջին շրջանում ձևավորվել են Նիկոլ Փաշինյանի շուրջ։ Հնարավոր նոր ընտրությունների վտանգ․ հանրային տրամադրությունները խորապես բացասական են, ուստի ցանկացած ընտրական ցիկլ կարող է կործանարար լինել գործող վարչակարգի համար։ Մյուս դրվագը արցախյան կապիտուլյացիայի պատասխանատվությունն է, որի շուրջ ներսում աճող դժգոհություն և միջազգային վարկանիշի անկում։ Կա նաև Իրանի, Ռուսաստանի, արևմտյան ուժերի միջև մանևրելու տապալված փորձերը, որոնք մերկացրել են ՀՀ արտաքին քաղաքական անկարողությունը։ Եվ իհարկե ներիշխանական դաշտում լատենտ գժտությունների ռիսկը, որոնք ցանկացած պահի կարող են դառնալ ներհամակարգային ճեղքման աղբյուր։
Այս ամենի արդյունքում իշխանությունը որդեգրել է «կամ մենք՝ կամ ոչ ոք» ռազմավարություն՝ բոլոր հնարավոր խմորումները սաղմնային փուլում չեզոքացնելու տրամաբանությամբ։
Այսօր, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պետք է ընկալել ոչ թե որպես առանձին իրավական գործողություններ, այլ որպես վարչախմբային փուլի տրամաբանական խորացում, որի նպատակն է պահպանել սեփական դիրքերը՝ Թուրքիայի հետ նոր համաձայնությունների և հնարավոր զիջումների նախաշեմին։
Այս ամենը հուշում է՝ մենք մտել ենք Հայաստանի նոր՝ պոստինքնիշխանական շրջափուլ, որտեղ խաղաղության մասին խոսելու միակ լեզուն ռեպրեսիվ լռեցումն է։ Նիկոլ Փաշինյանը այսօր առաջնորդվում է ոչ թե ազգային շահով, այլ սեփական անձնական անվտանգությամբ, որի գինը կարող է դառնալ պետականության վերջին կայուն տարրերի վերացումը։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում