Փաշինյանի «ահաբեկչության» հռետորաբանությունը․ վտանգավոր խաղ պետության հետ

Փաշինյանի «ահաբեկչության» հռետորաբանությունը․ վտանգավոր խաղ պետության հետ

Երեկ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն այն մասին, թե իբր Հայաստանի տարածքում ծրագրվում էր ահաբեկչություն, միանգամից տարածվեց պետական քարոզչամեքենայով։ Հերթական «ծանր» մեղադրանք ընդդիմության հասցեին, հերթական փորձ՝ ուժի դիրքից քաղաքական զարգացումները վերահսկելու համար։ Բայց այս հայտարարությունը, որքան էլ պահի տակ իշխանության համար օգտակար թվա, իրականում պարունակում է լուրջ հետևանքներ՝ ոչ թե ընդդիմության, այլ հենց պետության համար։

Ըստ էության՝ երբ պետության ղեկավարն ինքն է խոսում «ահաբեկչության վտանգի» մասին, դա արդեն ազդակ է միջազգային կառույցներին, երկրների հատուկ ծառայություններին, վարկանիշային կազմակերպություններին։ Այսինքն՝ դու փաստացի ասում ես աշխարհին․ Հայաստանում կարող են գործել ահաբեկչական խմբեր։ Դա ոչ թե ներքին քարոզչական հնարք է, այլ միջազգային ազդակ։

Փաստենք, որ այդ ազդակն իր հերթին կարող է հանգեցնել հետևյալին՝ նախ միջազգային վարկանիշների իջեցման, երկրորդ՝ ներդրումների հանդեպ վստահության նվազման և երրորդ՝ արտաքին վերահսկողությունների ավելացման՝ հատկապես ֆինանսական հոսքերի նկատմամբ։ Մի խոսքով՝ Փաշինյանի այդ մի նախադասությունը կարող է Հայաստանին դասել այն երկրների շարքին, որտեղ կա ահաբեկչության ակտիվ կամ պասիվ ռիսկ՝ Նիգերիա, Պակիստան, Աֆղանստան և այլն։ Դա մի դասակարգում է, որից պետությունները տարիներով փորձում են դուրս գալ, իսկ Փաշինյանը, գիտակցաբար կամ սպոնտան, բոլորիս մտցնում է այդ համաշխարհային պատուհասության մեջ և այդ կլեյմոն դակում մեր ճակատին՝ բացառապես սեփական իշխանության կյանքը երկարացնելու նպատակով։

Ավելին, երբ ընդդիմադիր հատվածը անվանվում է «ահաբեկչական խմբավորում», իրավիճակն ավելի է լրջանում։ Սա արդեն ոչ թե իշխանություն ընդդեմ ընդդիմության ներքաղաքական դասական կոնֆլիկտ է, այլ պետության ներսում իրավական և քաղաքական սահմաններում արված մեծ «լյապ»։ Երբ նման մեղադրանք է հնչում առանց հիմնավոր քննության, առանց բացահայտված ահաբեկչական ծրագրի, ապա դա դիտարկվում է որպես ներքին ճնշման գործիք՝ ընդդիմության նկատմամբ։ Իսկ մենք տեսնում ենք, որ ներկայացվող «ապացույցներում» ոչ մի էական դրվագներ չկան, բացի մի քանի փուչիկներն ու ճայտրուկները։

Եթե Հայաստանի իշխանություններն են հայտարարում, որ «ահաբեկչական խմբեր» կան երկրի ներսում, ի՞նչն է խանգարելու Ադրբեջանին, օրինակ, ՄԱԿ-ում կամ որևէ այլ հարթակում հայտարարել․ «Ահա տեսեք, Հայաստանի ղեկավարն ինքն է ասում՝ ահաբեկիչներն են փորձում իշխանության գալ։ Սա սպառնալիք է մեր և ողջ տարածաշրջանի անվտանգության համար։» Եվ դրան կարող է հաջորդել Ադրբեջանական սցենար՝ «կանխարգելիչ քայլերի», նույնիսկ ռազմական գործողությունների հիմնավորմամբ։ Ավելին, ընդդիմաության, հնարավոր իշխանության գալու դեպքում էլ շեշտեն, թե՝ «տեռորիստները եկան իշխանության»։

Խնդիրը սա է՝ իշխանության՝ քարոզչական նպատակներով կիրառած բառերը սկսում են վերածվել ազգային անվտանգության խնդիրների։ «Տեռորիզմ», «սաբոտաժ», «դավադրություն»․ սրանք լուրջ իրավական և միջազգային արձագանք առաջացնող եզրեր են։ Դրանց կիրառումը առանց հստակ փաստերի, առանց դատական գործընթացների, խախտում է ոչ միայն երկրի ներսում քաղաքական հավասարակշռությունը, այլ նաև փլուզում է երկրի միջազգային պաշտպանվածության հենքը։ Անկախ նրանից, թե ինչ ներքաղաքական նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը՝ ահաբեկչության վերաբերյալ նման պնդումներով, փաստը մնում է փաստ․ դա վտանգավոր է առաջին հերթին հենց պետության համար։

Այդ բառապաշարը խոցելի է դարձնում Հայաստանը՝ միջազգային հարթակներում, իրավական համատեքստում և տարածաշրջանային սպառնալիքների տեսանկյունից։ Իշխանությունները չպետք է խաղան այդ բառերի հետ՝ դրանք լոկ քարոզչական գործիք չեն։ Դրանք երկրի անվտանգությունն ու միջազգային հեղինակությունն են խաթարող միջոցներ են, երբ կիրառվում են առանց չափի և պատասխանատվության։

Արմեն Հովասափյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում