Դեպի ԵՄ՝ մինչև 2028 թվականը. Le Figaro-ն՝ Հայաստանի պատմական շրջադարձի և Մոսկվայի հետ խորացող ճգնաժամի մասին
Կարդացեք նաև
Ֆրանսիական հեղինակավոր Le Figaroպարբերականը հրապարակել է ծավալուն նյութ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխության և եվրոպական ինտեգրման հավակնությունների մասին։ Ըստ հրատարակության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադրված է մինչև 2028 թվականը պաշտոնապես ներկայացնել Եվրամիությանն անդամակցելու հայտ։ Այս որոշումը նշանավորում է նոր փուլ հետխորհրդային հանրապետության և Արևմուտքի հարաբերություններում, միաժամանակ լուրջ աշխարհաքաղաքական շփումներ ու լարվածություն առաջացնելով Մոսկվայի հետ։
Պարբերականն ընդգծում է, որ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները զգալիորեն վատթարացել են վերջին տարիների ծանր ցնցումներից հետո։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է 2020 թվականի պատերազմում Հայաստանի կրած ռազմական պարտությանը և 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության վերականգնմանը։ Այս իրադարձությունների ֆոնին հայկական կողմը ռուսական դաշնակցին մեղադրեց անվտանգային բավարար երաշխիքներ չապահովելու և չպաշտպանելու մեջ, ինչն էլ հիմք դարձավ երկրի՝ դեպի արևմտյան ուղղություն շրջվելու համար։
Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ երկիրը սկսել է այլընտրանքային մեխանիզմների ստեղծման գործընթաց, որպեսզի քաղաքացիներին ընտրության հնարավորություն տրվի։ Նրա խոսքով՝ այդ քայլերը 2027 կամ 2028 թվականներին պետք է հանգեցնեն ԵՄ-ին լիիրավ անդամակցելու գործընթացի պաշտոնական մեկնարկին։ Միևնույն ժամանակ, վարչապետը հստակեցրել է, որ Հայաստանն առայժմ մտադրություն չունի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), որը Ռուսաստանի գլխավորությամբ գործող առևտրային բլۆկ է։
Իր հերթին, Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը և միաժամանակ ԵԱՏՄ անդամ մնալը անհամատեղելի են, և առաջարկել է Հայաստանում հանրաքվե անցկացնել արևմտյան ուղղությամբ շարժվելու վերաբերյալ։ Զուգահեռաբար, Հայաստանն արդեն իսկ սառեցրել է իր մասնակցությունը Ռուսաստանի ղեկավարած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։
Le Figaro-ն նաև ուշադրություն է հրավիրում այն խորքային տնտեսական կախվածությունների վրա, որոնք առկա են երկրների միջև։ Որպես պատասխան քայլ՝ Ռուսաստանն այս տարի արդեն իսկ սահմանափակումներ է կիրառել հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման նկատմամբ և սպառնացել վերանայել Երևանին տրամադրվող էներգակիրների արտոնյալ գները։ Հոդվածում հիշեցվում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային առևտրային գործընկերը, արտահանման գլխավոր շուկան, ինչպես նաև սպառազինության ու էներգակիրների հիմնական մատակարարը, մինչդեռ բազմաթիվ հայեր աշխատում և ապրում են Ռուսաստանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում