Իրանում հաստատել են ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին նախագիծը

Նմանատիպ
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագիծը, որը մեջլիսը հավանություն էր տվել նախօրեին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ X սոցիալական կայքում հայտարարել է վերահսկիչ մարմնի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը:
Ըստ Նազիֆի գրառման՝ Սահմանադրության պահապանների խորհրդի անդամները ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնել պարտավորեցնող նախագիծը քննարկելուց հետո չեն ճանաչել իսլամական իրավունքին և Սահմանադրությանը հակասող։
Խորհրդարանում պարզաբանել են, որ Թեհրանը դադարեցնում է համագործակցությունը գործակալության հետ այնքան ժամանակ, քանի դեռ իրանական միջուկային օբյեկտներն ու ատոմային գիտնականները չապահովվեն անվտանգությամբ:
Փաստաթղթում նաև ասվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցները կարող են այցելել Իսլամական Հանրապետություն ստուգումներ անցկացնելու համար միայն երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի համաձայնությամբ:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին էլ իր հերթին հայտարարել է, որ Իրանը պարտավոր է համագործակցել գործակալության հետ, քանի որ մնում է «Միջուկային զենքի չտարածման պայմանագիր»-ի (NPT) անդամ երկիր: Նա նաև պնդում է, որ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ՄԱԳԱՏԷ-ն Իրանում «կորցրել է տեսադաշտից» բարձր հարստացված ուրանի պաշարները և «չէր ցանկանա տպավորություն ստեղծել, որ այդ նյութերը կորել կամ թաքցվել են»:
Թեհրան էլ քննադատել է գործակալությանն ու նրա գլխավոր տնօրենին՝ իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով անգործության համար։ Պահանջել է հետաքննել այդ միջադեպերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում