Մագդալենա Գրոնոյի այցը Արցախ․ Մարինա Մեզյուրը բարձրացրել է հայկական կոթողների «աղվանացման» հարցը
Կարդացեք նաև
Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ Եվրոպական հանձնաժողովից պահանջելով պաշտոնական հաշվետվություն Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի վերաբերյալ։
Եվրոպացի պատգամավորը նշել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած դիվանագիտական այցի ընթացքում հայկական բազմադարյան վանքերն ու մշակութային ժառանգությունը ներկայացվել են որպես «կովկասյան աղվանական ժառանգություն»։ Մեզյուրի ընդգծմամբ՝ միջազգային պատմաբաններն ու պատմամշակութային փորձագետները սա որակում են որպես պատմական փաստերի ակնհայտ կեղծում, ինչը հակասում է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին։
Մարինա Մեզյուրը հիշեցրել է, որ այցից հետո Մագդալենա Գրոնոն X-ի իր էջում գրառում էր կատարել՝ խոսելով որոշ հուշարձանների ծագման վերաբերյալ «խորապես տարբերվող տեսակետների և պատմությունների» մասին։ Եվրոպացի պատգամավորի գնահատմամբ՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը դրանով իսկ հավասարության նշան է դրել փաստագրված պատմական իրականության և Բաքվի կողմից իրականացվող պետական մակարդակի կեղծարարության միջև։
Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրոպական հանձնաժողովին ուղղել է երկու հիմնական հարց․
Առաջին՝ արդյո՞ք Հանձնաժողովը հայկական վանքերի վերանվանումը որպես «կովկասյան աղվանական» համարում է պատմական փաստերին և միջազգային որոշումներին համապատասխանող, և ո՞րն է ԵՄ դիրքորոշումը նման հայտարարությունների հետևանքով տարածաշրջանային լարվածության սրման ռիսկերի վերաբերյալ։
Երկրորդ՝ ինչպե՞ս է Եվրոպական միությունը համադրում սույն դիվանագիտական քայլը Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների հետ, որոնք պահանջում են ապահովել տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության պահպանությունն ու հարգումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում