Էդմոն Մարուքյանը վեհափառին փորձում է համոզել․ «Հրապարակ»

Էդմոն Մարուքյանը վեհափառին փորձում է համոզել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Միքայել Աջապահյանը ձերբակալությունից ժամեր անց` կալանավորումից առաջ, մերժեց վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը՝ ասելով, որ հոգեւոր գործը վեր է դասում ամեն ինչից: Հետո լուրեր տարածվեցին, որ այդ հարցում նա չի ստացել կաթողիկոսի օրհնությունը, որը, ըստ երեւույթին, հույս ունի՝ իրավիճակը չսրել եւ արժանանալ Փաշինյանի բարեգթությանը: Բայց լավատեղյակներն ասում են` իզուր, հաջորդ թիրախն ինքն է լինելու։

Մեր տեղեկություններով, Աջապահյանի թեկնածությունն առաջարկած Էդմոն Մարուքյանը չի հանձնվում եւ աշխատանք է տանում, որ Վեհափառը հավանություն տա Աջապահյանին առաջադրելուն, որի շուրջ աննախադեպ կոնսոլիդացիա կա` 36 պատգամավորի ստորագրություն, ինչը բավարար է, որ նախագիծը դրվի շրջանառության մեջ։ Աջապահյանը, ի դեպ, նախկին հարցազրույցներում  չի բացառել իր թեկնածության առաջադրումը՝ ասելով, որ եթե Վեհափառն օրհնի՝ ինչո՞ւ ոչ։ Թե ում միջոցով է Մարուքյանը բանակցում Վեհափառի հետ, չեն բացահայտում։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Մարուքյանի թեկնածությունն առաջարկեցին, սակայն ընդդիմադիրները չմիացան։ Եկեղեցու վրա գրոհի օրը Մարուքյանը հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը եւ առաջարկում է Աջապահյանին: «Հայաստան» դաշինքն իր համաձայնությունը տվեց, «Պատիվ ունեմ»-ը եւս համաձայնեց, բայց՝ 2 ժամվա պաուզայից հետո, երբ Աջապահյանը մերժել էր առաջարկը։ Լուրեր են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանն է Վեհափառին խորհուրդ տվել՝ հետ պահել Սրբազանին։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում