Բաքուն կրկին խախտում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները
Կարդացեք նաև
Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը շարունակում է մնալ ամենացավոտ և ամենախոցելի թեմաներից մեկը, որն այսօր իշխանության օրակարգում գրեթե բացակայում է։ Մինչդեռ այն ոչ միայն ազգային արժանապատվության, այլև միջազգային իրավունքի ու հումանիտար պարտավորությունների խնդիր է։
Վերջին օրերին հատկապես ծանր հնչողություն ստացավ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանի 60-ամյակի պահը։ Մինչդեռ նա իր ամբողջ կյանքը նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը, իր տարեդարձը նա ստիպված է նշել Բաքվի բանտի պատերի ներսում՝ որպես քաղաքական բանտարկյալ։ Սա միայն անձնական ողբերգություն չէ․ այն հայոց բանակի ու ընդհանրապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ իրականացված համակարգված նվաստացման դրսևորում է։ Այսօր Բաքվում պահվում են Արցախյան պայքարի առանցքային դեմքեր, ինչը ոչ միայն մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, այլև նպատակաուղղված փորձ՝ կոտրելու ազգային դիմագիծը։
Ցավալի է արձանագրել, որ Հայաստանի իշխանության համար այս հարցը ոչ մի առաջնայնություն չունի։ Այն ժամանակ, երբ միջազգային կառույցները հղում են անում հումանիտար իրավունքին, Ժնևյան կոնվենցիային և նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որտեղ գերիների վերադարձի դրույթը հստակ ամրագրված է, Երևանը ցույց է տալիս անտարբերություն։ Դեռևս 2021-ին, նախընտրական քարոզարշավի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «մեր գերիները մեզ կներեն, եթե երկու ամիս էլ մնան գերության մեջ»։ Սակայն անցել են տարիներ, և ոչ միայն հարցը չի լուծվել, այլև ամբողջովին դուրս է մղվել իշխանության քաղաքական օրակարգից։ Այն չի հիշատակվում նաև այսպես կոչված «խաղաղության օրակարգում», ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս դրա ձևական բնույթը։ Եթե խաղաղության գործընթացը իրապես իրական լիներ, ապա գերիների վերադարձի հարցը պետք է լիներ նրա անկյունաքարային կետերից։
Այս խնդրի արհամարհումը հատկապես տեսանելի է, եթե դիտարկենք Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը։ Այնտեղ հստակ նշվում էր, որ կողմերը չպետք է գործեն ատելության ու վրեժխնդրության տրամաբանությամբ։ Մինչդեռ այն, ինչ այսօր տեղի է ունենում Բաքվում, բացահայտ վրեժխնդրություն է։ Կարելի է փաստել, որ փաստաթղթի թանաքը չչորացած՝ այն արդեն խախտվում է, իսկ դրա հիմնական տրամաբանությունն ու արժեքները՝ ոտնահարվում։
Մանրամասները՝ տեսանյութում.