Իմ արշավը սկսել եմ Եռաբլուրից։ Ես Եռաբլուրի քաջերի սիմվոլն եմ. Խաչիկ Մանուկյան
Նմանատիպ
Նախընտրական քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ զրույցում Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորող Խաչիկ Մանուկյանը նշել է․ «Որ իշխանությունը Վաղարշապատում վարչական ռեսուրս է կիրառելու, ես որևէ կասկած չունեմ։ Դա ամենափոքր խախտումն է, որ կանեն։ Ես կուզեի, որ չարության ռեսուրսները չկիրառեն»։
Հիշեցնենք, որ նա Վաղարշապատի պատվավոր քաղաքացի է, գրող, հրապարակախոս։
Թեկնածուն վաղարշապատցիների հետ հանդիպումների ընթացքում արդեն ցուցակագրել է Վաղարշապատի ու դրա բնակիչների խնդիրները, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում։
«Սոցիալական խնդիրները պետք է լուծվեն հնարավորինս արագ։ Գյուղական համայնքներում տեսա գյուղատնտեսների, անասնաբույժների կարիք։ Մենք պետք է օգնենք արցախցիներին, ապահովենք նրանց ինտեգրումը»,-ասել է հրապարակախոս թեկնածուն։
Նշենք, որ թեկնածուն մինչ քարոզարշավի մեկնարկին այցելել է «եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այստեղ է հանգչում նաև Մանուկյանի՝ 44-օրյա պատերազմում զոհված որդին՝ Վաչագանը։
«Իմ արշավը սկսել եմ Եռաբլուրից։ Ես Եռաբլուրի քաջերի սիմվոլն եմ։ Բոլոր այն դուխով փալասները, որոնք կփորձեն չարամտորեն ինչ-որ գործողություններ ծրագրել, կփալասվեն հայ ժողովրդի ոտքերի տակ»,-ասել է Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Վաղարշապատում ավագանու ընտրություններ կկայանան նոյեմբերի 16-ին։ Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական ուժեր։ «Հայրենիք» կուսակցության համարը 8-ն է։
Նախընտրական քարոզչությունը մեկնարկում է հոկտեմբերի 22-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 24-00-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում