Արթուր Սարգսյանի 85-ամյա հայրը գտնվում է ԲԿ-ում. Վարդևանյան

Արթուր Սարգսյանի 85-ամյա հայրը գտնվում է ԲԿ-ում. Վարդևանյան

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու, միաժամանակ խափանման այլ համակցված միջոցներ՝տնային կալանք, գրավ, բացակայելու արգելք կիրառելու  միջնորդությունը պայմանավորված է այն հանագամնքով, որ Արթուր Սարգսյանի 85-ամյա հայրն ունի առողջական լուրջ խնդիրներ։

«Քանի որ ունեմ նրա թույլտվությունը կբացահայտեմ, որ միջնորդության հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով,որ Արթուր Սարգսյանի հայրը՝ Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանը գտնվում է բժշկական կենտրոնում, այս ընթացքում ունեցել է առողջական լրջագույն խնդիրներ, որոնց ողջ դետալները փոխանցվել են դատարան»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ա. Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նա տեղեկացրել է, որ այս միջնորդության դեմ առարկել են դատախազները։

«Պատկերացրեք՝ մեզ մոտ մարդասիրության՝ որպես սկզբունքի  ինչ ճգնաժամ կա։ Գիտակցում են, վստահ եմ։ 85 տարեկան Լավրենտ Սարգսյանը նախկինում առողջական խնդիրներ չի ունեցել, տեսնելով որդու հետ կատարվածը՝ նրա մոտ խնդիրներ են առաջացել։  Եվ պատկերացրեք, այս պայմաններում միջնորդությունը մերժվում է»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ օրեր առաջ ՍԴ-ն արձանագրել է, որ տնային կալանքն ինտենսիվությամբ նույն կալանքն է, մինչդեռ այս դատարանի ու հանրային մեղադրողների համար դա նշանակություն չունի։

Վարդևանյանը նշել է, որ որոշումը չի պարզաբանվել։

«Բոլոր խնդիրներով հանդերձ՝ ես նման իրավիճակ չեմ պատկերացնում։ Իհարկե, բողոքարկելու ենք։ Դատարանը նշել է, որ ներկայացվածը նոր էական փաստարկ է։ Ի դեպ, դատարանը վերացրել է Արթուր Սարգսյանի տեսակցությունների արգելքը»,-ասել է պաշտպանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում