Թոշակառուն չպետք է սոված քնի. «Հայաքվե»
Կարդացեք նաև
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումն առաջարկում է կենսաթոշակները բարձրացնել 50 տոկոսով։ Այս պահանջով դեկտեմբերի 1-ից մեկնարկել են ստորագրահավաք Հայաստանի ողջ տարածքում, որը նախատեսվում է շարունակել առնվազն երեք ամիս։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասացին «Հայաքվե» քաղաքացիական միավորման խորհրդի անդամները։
Հայաստանում կենսաթոշակների մակարդակը զգալիորեն զիջում է տարածաշրջանի մյուս երկրներին։ Համեմատական տվյալներով՝ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 93 դոլար է (36 հազար դրամ), մինչդեռ Թուրքիայում՝ 353 դոլար, Ադրբեջանում՝ 188 դոլար, Վրաստանում՝ 148 դոլար, հայտնում են «Հայաքվե» քաղաքացիական միավորումից՝ ընդգծելով, որ իրավիճակը տարիներ շարունակ չի բարելավվել։
«Աշխատավարձերը միջին հաշվով 7 տարում աճել են 76 տոկոսով, բյուջետային ծախսերն աճել են 125 տոկոսով, բայց կենսաթոշակներն աճել են ընդամենը 22 տոկոսով, որը պակաս է, քան սպառողական զամբյուղի գնաճը և մի քանի անգամ զիջում է նույն ժամանակաշրջանում օրինակ գույքահարկի աճը, կոմունալ ծախսերի աճը, տրանսպորտի թանկացումը և այլն»,- նշել է խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը։
Տնտեսագետ, «Հայաքվե»-ի խորհրդի անդամ Հրայր Կամենդատյանը ընդգծել է, որ շարժման նպատակը սոցիալական կարևոր նշանակություն ունի՝ մարդկանց չթողնել անտեսված և անպաշտպան։
«Թոշակառուն չպետք է սոված քնի, դեղատանը շփոթվի, չպետք է այդ 36 հազար դրամով նյութական ամենաչքավոր պահանջները անտեսված մնան։ Բնակչության մի զգալի մասը մեր ավանդական ընտանիքների պատկերացումներով և ավանդույթներով ծնողներին օգնում է, բա ի՞նչ ասենք այն մարդկանց, ովքեր զավակներ չունեն, պարզապես մենակ են ապրում, կամ օրական եկամուտ և ծախս ունեն 600 դրամի չափով»,- ասել է Կամենդատյանը։
Քաղաքացիական միավորումը հաշվարկել է, որ անհրաժեշտ բարձրացման համար պետք է շուրջ 175 միլիարդ դրամ, և առաջարկում է այդ գումարը լրացնել երկու տարում։ Նրանք մատնանշում են նաև ֆինանսավորման հնարավոր աղբյուրները․ 20 տոկոսը բյուջեի սպասվող եկամուտների աճից, մնացած 75 միլիարդ դրամը՝ անարդյունավետ ծախսերից հրաժարվելով։
«2026-ին 187 միլիարդով աճում է պետբյուջեի ծախսային մասը եւ եթե հաշվի առնենք, որ պաշտպանական ծախսերը նվազում են 100 միլիարդով՝ շատ վիճելի կերպով, կստացվի, որ փաստացի բաշխման ենթակա բյուջետային միջոցները կազմում են 287 միլիարդ դրամ։ Այս միջոցների ընդամենը 30 տոկոսը եթե հատկացվեր կենսաթոշակների բարձրացմանը, մեր առաջադրած խնդիրն առաջին փուլով լուծելը՝ 25 տոկոսով բարձրացնելը, միանգամայն իրատեսական կլիներ։ Դրա փոխարեն, միջոցները հատկացվում են կասկածելի ուղղությունների։ Օրինակ, հաջորդ տարի 28 միլիարդ դրամով ավելանում է պետական պարտքի սպասարկման գումարը, 29 միլիարդով ավելանում են ճանապարհաշինարարության վրա ծախսերը, որոնց հիմնավորումը չկա, հիմա էլ տեսնում ենք կրկնակի, եռակի ասֆալտապատում եւ հսկայական ծախսեր, 5 միլիարդով ավելանում են հարկային եւ մաքսային ծառայությունների ծախսերը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Չալաբյանը։
Նախաձեռնության ներկայացուցիչները նշում են, որ արդեն հավաքվել է 5000-ից ավելի ստորագրություն։ Նպատակ ունեն հասնել առնվազն 100 հազար ստորագրության։ Ստորագրահավաքին կարող են միանալ 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները՝ այցելելով «Հայաքվե»-ի գրասենյակներ, որոնց հասցեները տեղադրված են Hayaqve.am կայքում։ Մոտ ժամանակում նախատեսվում է ընդլայնել գրասենյակների աշխարհագրությունը, ինչպես նաև գործարկել շրջիկ խմբեր, որոնք կներկայանան բակերում և կայցելեն քաղաքացիների բնակարաններ։
Ստորագրահավաքի ավարտից հետո «Հայաքվեն» նախատեսում է հանրագիրը պաշտոնապես ներկայացնել Կառավարությանը՝ ակնկալելով, որ մեծ թվով ստորագրությունների դեպքում իշխանությունները ստիպված կլինեն քննարկել և չմերժել պահանջը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում