Բաքվում բացառել են Արցախի ղեկավարների ազատ արձակումն ու հանձնումը
Կարդացեք նաև
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ համաձայնության համաձայն և մարդասիրության սկզբունքներով առաջնորդվելով՝ չորս անձինք՝ Վագիֆ Խաչատրյանը, Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը և Վիգեն Աբրահամ Էուլջեքջյանը, ովքեր Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղավոր էին ճանաչվել և պատիժ էին կրում Ադրբեջանում, փոխանցվել են Հայաստանին։
Նշվում է, որ չնայած հանրությանը պարզաբանվել են այս քայլի օբյեկտիվ պատճառները, սոցիալական ցանցերում քննարկումները ենթադրում են, որ ներկայումս ընթացող դատավարությունների մասնակիցները նույնպես ժամանակի ընթացքում կարող են փոխանցվել Հայաստանին։
Ադրբեջանի կառավարության աղբյուրները APA գործակալությանը հայտնել են, որ նման բան անհնար է։
«Այս ենթադրությունները պատրանքային բնույթ են կրում։ Բացառվում է խունտայի առաջնորդների և ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործություններ կատարած այլ անձանց ազատ արձակումը կամ Հայաստան տեղափոխումը», – նշել է աղբյուրը։
Մեկ այլ կառավարական աղբյուր նույնպես հաստատել է այս դիրքորոշումը՝ հայտարարելով. «Նրանք պատասխանատվության կենթարկվեն իրենց կատարած հանցավոր արարքների համար և մեղավորությունը ապացուցվելուց հետո, կպատժվեն առավելագույն խստությամբ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում