Նախատեսում ենք Հայաստանում ստեղծել 300 000 աշխատատեղ. Նարեկ Կարապետյան
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսին «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է․ «Մեր անկախության 35-րդ տարին է, և մեր երկիրը աշխարհի 110-րդ աղքատ երկիրն է։ Այսօր մեր երկիրն ունի համակարգային մեծ բարեփոխման կարիք»։
Նրա խոսքով՝ բարեփոխումները մինչ այս ձևավորվել են այլ օրակարգերի շուրջ։ Անկախության առաջին 25 տարիները եղել են անվտանգային համակարգի շուրջ, դրանից հետո շուրջ 7 տարին՝ հակասությունների համակարգի շուրջ, և այդ ընթացքում կար մի խնդիր, որը չէր նկատվում․ դա թուլացող Հայաստանն էր։
«Բնակչությունը պարզապես լքում էր երկիրը և այսօր էլ շարունակում է լքել։ Հայաստանի բնակչության թվաքանակը շարունակում է անկում ապրել»,-ասել է նա։
Կարապետյանը նշել է, որ երկրի բոլոր շրջաններ գնալով՝ տեսել են հիմնական խնդիրը՝ շրջաններում գործ չկա։ «Դրա պատճառով մարդիկ թողնում են իրենց ընտանիքներն այստեղ ու գնում, և դա ունենում է բազմաթիվ հետևանքներ։ Առաջինը՝ դեմոգրաֆիական հետևանքներն են, աղքատությունը՝ շատ շրջաններում»,-ասել է նա։
Ըստ Կարապետյանի՝ շրջաններում արդյունաբերությունն ու արտադրությունը վերջին տարիներին անկում է ապրել։ «Մենք տեսնում ենք Երևանում հարկերի հիմքով ստեղծված տնտեսություն, որը ժամանակի ընթացքում չի կարող այս տեմպը պահել»,-ասել է նա։
«Ինչ քայլեր ենք նախատեսում․ ստեղծել 300 000 աշխատատեղ Հայաստանում»,-հայտարարել է Կարապետյանը՝ շեշտելով, որ այս ծրագրի տակ կա մակրոտնտեսական պլանավորված քաղաքականություն, որի հիմքում ընկած է առաջին քայլը՝ արդյունաբերականացումը։ «ՀՀ-ն զրկված է արտադրելու ստեղծարար պոտենցիալից»,-ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ մինչ այս Հայաստանի ղեկավարները տնտեսությանը դիտարկել են պետական ապարատի տեսանկյունից, մինչդեռ առաջին ղեկավարը, ով այն կդիտարկի ձեռնարկատիրոջ և հասարակության անդամի աչքերով, կլինի Սամվել Կարապետյանը։ «Նրա անցած ճանապարհը ձեռնարկատիրոջ ճանապարհ է»,– ընդգծել է Կարապետյանը։
Խոսելով արդյունաբերության մասին՝ Կարապետյանը նշել է, որ վերջին տարիներին շրջաններում արտադրությունն ու արդյունաբերությունը անկում են ապրել։
«Երևանում այսօր տեսնում ենք վարկերի վրա հիմնված տնտեսություն, որը երկարաժամկետ առումով չի կարող պահպանել այս տեմպը։ Առաջին քայլով առաջարկում ենք Հայաստանում ստեղծել 300 հազար նոր աշխատատեղ։ Սա պարզապես հայտարարություն չէ․ դրա հիմքում մակրոտնտեսական հստակ քաղաքականություն է և վերաարդյունաբերականացման ծրագիր»,– նշել է նա։
Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը տարեկան շուրջ 7 միլիարդ դոլարի ներմուծում է իրականացնում, իսկ ներմուծման և արտահանման տարբերությունը մոտ 4 միլիարդ դոլար է։ Ներմուծման երկրորդ խոշոր հոդվածը նավթամթերքն է՝ բենզինն ու դիզելային վառելիքը։
«Մենք առաջարկել ենք Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել, որը նավթը կբերի գրեթե երկու անգամ ավելի ցածր գնով և կվերամշակի տեղում։ Սա կլինի տարեկան մոտ կես միլիարդ դոլարի շրջանառություն ունեցող ձեռնարկություն»,– ասել է Կարապետյանը։
Նա անդրադարձել է նաև գազի ներմուծման խնդրին՝ նշելով, որ Հայաստանը տարեկան մոտ կես միլիարդ դոլարի գազ է ներմուծում, այն դեպքում, երբ ունի համագործակցության հնարավորություն Իրանի հետ։
«Իրանի հետ ունենք պայմանագիր՝ գազը էլեկտրաէներգիայի դիմաց։ Մենք առաջարկում ենք Իրանից ստացված գազով ստեղծել ջերմաէլեկտրակայաններ։ Իրանն այդ տեխնոլոգիաներին մուտք չունի սահմանափակումների պատճառով, իսկ Հայաստանը ունի։ Այդ կերպ Իրանի սահմանին կարող ենք ստեղծել մեծ էներգետիկ համակարգ, որը մեր երկրին տարեկան մոտ կես միլիարդ դոլար կթողնի։ Սա համադրելի է թոշակային ֆոնդի ծավալների հետ»,– նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ մեծ արդյունաբերական և գեներացնող պոտենցիալ ստեղծելու դեպքում Հայաստանը կունենա գրեթե անվճար գազ։
Կարապետյանը բացատրել է, որ Չինաստանի արտահանման ընկերությունները ֆինանսավորում են ներդրումների 70 տոկոսը, եթե դուք նավթամշակման գործարան եք ուզում կառուցել կամ պղնձի հիմքի վրա պղնձի վերամշակման գործարան։
Ըստ նրա՝ քանի որ ներդրողը այդքան գումար դժվար կարող է գտնել, ներդրման 15 տոկոսը կվճարի պետությունը, 15 տոկոսը՝ ներդրողը, իսկ 70 տոկոսը կտա Չինաստանի արտահանող ընկերությունը։
Ըստ նրա՝ այդ ներդրումից հետո պետությունը բերում է 100 տոկոս ներդրում իր երկիր և հարկերով հետ է գալիս։ «Մյուս բոլոր գործարանները կկառուցվեն նույն տրամաբանությամբ և դա բերելու է գործազրկության հաղթահարման»,-ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում