Ռեֆորմը կարող է ձախողվել. Անուշ Պողոսյանը բարձրաձայնում է առողջապահության ապահովագրության խնդիրների մասին և կառուցողական քննարկում ակնկալում

Ռեֆորմը կարող է ձախողվել. Անուշ Պողոսյանը բարձրաձայնում է առողջապահության ապահովագրության խնդիրների մասին և կառուցողական քննարկում ակնկալում

Լսումներ անցկացնելու իրական ակնկալիքը ոչ միայն իմ, այլ նաև մասնագիտական հանրույթի կողմից հետևյալն է՝ մտնել կառուցողական դաշտ, գույքագրել ապահովագրության երկամսյա մեկնարկի ընթացքում առաջացած խնդիրները և այդ խնդիրների արդյունքները վերլուծելով՝ կատարել լուրջ շտկումներ․ ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը։

Նա ևս միացել էր առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությանը։

«Եթե այս կարևորագույն ռեֆորմը գնա ձախողման, ապա սա լուրջ խնդիր է երկրի սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում, որովհետև գիտենք, որ գրպանից ծախսերը բերում են բնակիչների աղքատացմանը։ Բնակիչները մեծ հավատ ունեն այս ռեֆորմի հանդեպ։ Այն, ինչ տեսնում ենք այսօր՝ նախարարի այցեր և այլն, թվում է՝ ունենք սինգապուրյան առողջապահություն, բայց իրականում բնակիչները հիվանդանոցներում լուրջ խնդիրների են բախվում։ Դրա հետ մեկտեղ նաև ենթակառուցվածքները՝ բուժաշխատողներ, դեղատան աշխատողներ, հիվանդանոցներ, արդեն իսկ ունեն խնդիրներ»,- ասել է նա։

Փորձագետը մանրամասնել է, որ մասնավորապես բուժաշխատողներն առաջին աշխատավարձը ստացել են ուշացումով՝ փետրվարի 20-ին, դեղատներում ևս մինչև 20-ը չեն տրվել փոխհատուցված դեղերի գումարները։

«Այսինքն՝ դեղատներն ահազանգում էին պարտքերի մասին, իսկ բուժաշխատողների աշխատավարձը, քանի որ կառուցվում է ապահովագրական քեյսերի սակագներից, եթե քեյսերի գումարները, ծառայությունները չվերանայվեն, ապա բուժաշխատողների աշխատավարձերը գնալով խնդրահարույց են լինելու։ Հատկապես արտահիվանդանոցային ԲԿ-ներում աշխատողները՝ նեղ մասնագետները, բուժքույրերը, այս ամիս 2-3 անգամ պակաս աշխատավարձ են ստացել»,- ասել է նա։

Պողոսյանը նշեց, որ առաջարկում են վերանայել մոտեցումները. «Օրինակ՝ ապահովագրական հիմնադրամներն ասում են, որ «ռուտին վիրահատություն» անողները շատ չեն կարող ստանալ (խմբ. նշանակում է այնպիսի վիրահատություն, որը բժիշկները շատ հաճախ են կատարում՝ սովորական, արդեն լավ մշակված ընթացակարգով)։ Չենք ընդունելու նման մոտեցում»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում