Բահրեյնում բողոքներ՝ Իրանի դեմ հնարավոր հարվածների ֆոնին․ տարածաշրջանային լարվածությունը խորանում է

Բահրեյնում բողոքներ՝ Իրանի դեմ հնարավոր հարվածների ֆոնին․ տարածաշրջանային լարվածությունը խորանում է

Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել։  Բահրեյնում տեղի բնակչությունը բողոքի ցույցեր է կազմակերպում՝ արտահայտելով դժգոհություն երկրի տարածքն ու օդային տարածքը ԱՄՆ-ին և Իսրայելին տրամադրելու հնարավորության դեմ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների նպատակով։

Բողոքի ակցիաների մասնակիցները, որոնց մեծ մասը շիա արաբներ են, դուրս են գալիս փողոց՝ պահանջելով չներքաշել երկիրը տարածաշրջանային հակամարտության մեջ։ Ցուցարարները մտավախություն ունեն, որ նման քայլը կարող է Բահրեյնը դարձնել հակահարվածների թիրախ և խորացնել ներքին անկայունությունը։

Քաղաքական դիտորդները նշում են, որ Իրանի համար առավել շահավետ սցենար կարող է լինել իրավիճակի սրումը նաև Հորդանանում։ Վերլուծաբանների կարծիքով՝ եթե երկրում սկսվեն զանգվածային բողոքներ ընդդեմ թագավորական իշխանության, դա կարող է փոխել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։ Նշենք, որ Հորդանանի բնակչության զգալի մասը պաղեստինյան փախստականների ժառանգներ են, իսկ երկրի և Իսրայելի միջև առկա է 307 կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման։

Հիշեցնենք, որ երկրի ղեկավարն է թագավոր Աբդալլա IIը՝ Հաշիմյան դինաստիայից։ Պատմականորեն Հորդանանի թագավորական տունը սերտ հարաբերություններ է պահպանել Մեծ Բրիտանիայի հետ։ Տարբեր ժամանակահատվածներում երկրում գրանցվել են բողոքի ալիքներ ընդդեմ միապետության, սակայն իշխանությունները կարողացել են վերահսկել իրավիճակը։

Հանրային դիսկուրսում հաճախ ընդգծվում է նաև անվտանգության հարցը․ տեղեկությունների համաձայն՝ թագավորի անձնական անվտանգության համակարգում ներգրավված են արտասահմանյան մասնագետներ, իսկ ընտանիքի պաշտպանությունն իրականացվում է բրիտանացի պահապանների կողմից։

Ի դեպ՝ 2019 թվականին Հորդանանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերություններում նկատվել էր լարվածություն։ Քննարկումների կենտրոնում հայտնվել էր թագավորի քույրը՝ արքայադուստր Հայա բինթ ալ-Հուսեյնը, որը ամուսնացած էր էմիրաթական թագավորական ընտանիքի անդամի հետ։

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ընտանեկան սկանդալից հետո նա հեռացել էր երկրից։ Չնայած միջադեպին՝ Աբդալլա II-ը հրապարակայնորեն չի հրաժարվել իր քրոջից, ինչը, ըստ դիտորդների, որոշ ժամանակով ազդել էր երկու միապետությունների հարաբերությունների վրա։

Ավելի ուշ, սակայն, Հորդանանի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները աստիճանաբար կարգավորվեցին, թեև փորձագետների կարծիքով՝ անցյալի լարվածությունը դեռ շարունակում է անդրադառնալ քաղաքական փոխվստահության մակարդակի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում