Իր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր․ Իլհամ Ալիև

Իր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 13-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ հայտարարել է, թե իր անկախության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր։

«Հայաստանի հետ խաղաղության հասնելուց հետո մենք սերտորեն համագործակցում ենք Միջին միջանցքի նոր ճյուղ ստեղծելու ուղղությամբ։ Այս երթուղին կանցնի Հայաստանի տարածքով, և իր անկախության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր։

Այս նախագիծը կկապի Ադրբեջանի երկու մասերը՝ մայրցամաքային մասը և Նախիջևանը՝ կայուն տրանսպորտային գծով, էներգետիկ գծով, օպտիկամանրաթելային մալուխով, էլեկտրահաղորդման գծերով և, հնարավոր է, խողովակաշարերով։

Սա կստեղծի փոխշահավետ իրավիճակ բոլորի համար։ Քանի որ Ադրբեջանի երկու մասերը կկապվեն տրանսպորտային ենթակառուցվածքներով, նոր տրանսպորտային միջանցքը լրացուցիչ հնարավորություններ կբացի շատ երկրների համար», – նշել է նա։

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ մենք Հայաստանի հետ խաղաղության ենք հասել ոչ միայն թղթի վրա։ Յոթ ամիս առաջ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը և ընդունվել է համատեղ հայտարարություն։ Միևնույն ժամանակ, մենք ապրում ենք իրական խաղաղության պայմաններում։ Սահմանին իրավիճակը հանգիստ է, այլևս կրակոցներ կամ  զոհեր չկան»,-ասել է Ալիևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում