«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն խոստովանել է, որ միտումնավոր չի մասնակցել «Սպորտինգի» մարզումներին, երբ վտանգ է առաջացել «կարմիր սատանաների» կազմը համալրելու հարցում: Արգենտինացի ֆուտբոլիստը պատմել է, որ իր հայտնի հայրենակից Խուան Սեբաստյան Վերոնն է համոզել վերսկսել մարզումները:
««Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության` իմ նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունն իսկական անակնկալ էր: Պորտուգալիայում էի, երբ իմ գործակալը տեղեկացրեց այդ մասին: Նա ինձ խնդրեց հանգստություն պահպանել, բայց ես չէի կարողանում. սկսել էի ապրել այդ երազանքով: Չէի կարողանում մտածել որևէ այլ բանի մասին, իսկ երբ տեղափոխությունս վտանգի տակ ընկավ, ես հրաժարվեցի մարզվել «Սպորտինգի» կազմում:
Այդ ժամանակ իր մեծ դերակատարությունն ունեցավ Վերոնը: Նա հոր նման խստություն ցուցաբերեց: Երբ ես հրաժարվել էի մարզումներից, Վերոնը զանգահարեց ինձ և խնդրեց խելքի գալ: Դրա համար էլ ես վերսկսեցի մարզումներս, իսկ տեղափոխությունս ի վերջո իրականացավ»,-Ռոխոյի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հիշեցնենք, որ Մարկոս Ռոխոն «Սպորտինգից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նրա տրանսֆերի դիմաց անգլիական ակումբի ղեկավարությունը վճարեց 20 մլն եվրո: